ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատվիրակության հանդիպման վերաբերյալ 06 սեպտեմբերի 2007թ.

06 սեպտեմբերի, 2007

Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը կարեւորեց ֆրանսիական սոցիալիստական կուսակցության ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ այդտեղ զգալի ներդրում ունի հենց սոցիալիստական կուսակցությունը:

Ֆրանսուա Հոլանդը, ներկայացնելով այցի նպատակը, ասաց, որ Հայաստանը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների համար հատուկ նշանակություն ունի, ինչի վառ ապացույցն են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան, Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքը:

Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը,
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը` պարոն Հոլանդը տեղեկացրեց, որ իր գլխավորած կուսակցությունը կողմ է անդամակցության բանակցությունների շարունակմանը եւ գտնում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը պարտադիր է Թուրքիայի համար, իսկ Հայաստանի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը օր առաջ պետք է տեղի ունենան: Ֆրանսիացի սոցիալիստների ղեկավարն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի ներքաղաքական զարգացումներին:

Ֆրանսիական պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Ռենե Ռուքեն (Rene Rouquet), Բռունո լը Ռուն (Bruno le Roux), ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կառույցի պատասխանատուները:
Տպել էջը