Եվրոպական Միության եւ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ
03 սեպտեմբերի, 2007Ս.թ. սեպտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության (ՆՀՔ) անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
«Միասին աշխատելով՝ հզորացնենք Նոր հարեւանության քաղաքականությունը» նշանաբանի ներքո անցկացվող համաժողովը բացեցին Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրամիության ներկայիս նախագահող երկրի՝ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիշ Ամադուն եւ Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ու ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:
Օրակարգում ընդգրկված են առեւտրի ազատականացման, կլիմայի փոփոխությունների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերները:
Համաժողովին ելույթով հանդես եկավ նախարար Օսկանյանը:
Պատմական ակնարկ կատարելով Եվրամիության ստեղծման տարիներին` նախարարը նշեց, որ վերջինիս հիմնադիրները երազում էին խաղաղություն եւ բարօրություն դեռ այն ժամանակ, երբ երկուսն էլ անհասանելի էին թվում: Այսօր երկուսն էլ երաշխավորված իրողություններ են եվրոպացիների համար, ովքեր սկսել են մարդկային արարածների միջեւ կապել կամուրջներ, որոնք տարանցում են հնօրյա սահմանագծերը եւ ինստիտուցիոնալ նորահայտ կերպարանք են, որն այս Միությունն է:
Խաղաղությունն ու բարեկեցությունը շարունակում են մնալ Միության եւ աշխարհի օրակարգում` իբրեւ առավել բախտորոշ կռվաններ:
Թե այս հիմնախնդիրները եւ թե նրանց լուծումները անհրաժեշտաբար վերսահմանային են: Միեւնույն ժամանակ, մինչ հեռավորությունները շարունակում են սեղմվել, մինչ ազգային եւ տեղական գործերը միջազգային հնչեղություն ու ներազդեցություն են ձեռք բերում, Միությունը, հանուն սեփական եւ մեր շահերի, պատմական որոշում կայացրեց ներգրավվելու իր հարեւաններին` կիսելու իր արժեքները, կրկնօրինակելու իր տնտեսական հաջողությունները եւ ներդաշնակվելու իր ժողովրդավարական չափորոշիչներին:
Նախարարը նշեց, որ ողջունելով այս նախաձեռնությունը` մենք ձեռնամուխ եղանք ՆՀՔ-ին: Գործողությունների ծրագրերը նախապատրաստելիս մենք վերլուծեցինք, գնահատեցինք եւ հանրագումարի բերեցինք մեր ձեռքբերումներն ու կարիքները:
Արդեն իսկ առաջին տարվա ընթացքում ԳԾ մեզ հնարավորություն ընձեռեց եւ ուղեցույց հանդիսացավ առավել ակտիվ կերպով շարունակել քաղաքական, տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումները:
Տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ ԳԾ-ներում ընդգրկված դրույթները պարունակում են կարգավորման մի ընդհանուր տեսլական: Այն ունի ինտեգրացիոն կոնտեքստ, որ նորովի հայացքով է նայում կարգավորման գործընթացին:
Տնտեսական բազմաբնույթ եւ տարամակարդակ ինտեգրման հնարավորություններ է ընձեռում մեր օրենսդրության, իրավական նորմերի եւ չափորոշիչների ուղղորդված եւ արագացված համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին: Շուտով մենք կսկսենք բաժնեմասեր ունենալ եվրոպական շուկաներում, իսկ Եվրոպան` մեր շուկայում:
«Սա է տարբերությունը ENP-ի եւ այն ամենի միջեւ, ինչ մենք արել ենք ԵՄ-ի հետ անցումային շրջանի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում», - առանձնացրեց նախարարը: ENP-ի շրջանակում ինտեգրացիոն բաղադրիչներն ավելի մեծ են, ուստի մեր հարաբերություններն այսօր որակապես տարբեր են: Ելույթի վերջում, վկայակոչելով նախագահ Բարոզոյի եւ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հայտարարությունները, նախարարը շեշտեց, որ նոր ֆինանսական ռեսուրսները, խորացված տնտեսական ինտեգրումը, կրթական հնարավորությունները եւ վիզաների տրամադրման դյուրացումը նոր հնարավորություններ կբացեն առաջընթացի համար:
Համաժողովի շրաջանակում նախարար Օսկանյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Թունիսի, Էստոնիայի, Կիպրոսի, Չեխիայի ԱԳ նախարարների հետ:
Համաժողովի նախօրեին Լեհաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵՄ-ին վերջին տարիներին անդամակցած Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Հարավային Կովկասի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Բալթյան երկրների, Լեհաստանի, Չեխիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵՄ ՆՀՔ իրագործման ընթացքի, տարածաշրջանային համագործակցության ծրագրերի, ԵՄ-Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանը Արեւելյան Եվրոպայի երկրների աջակցության հնարավորությունների վերաբերյալ: