Սլովենիայում կայացած համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ
27 օգոստոսի, 2007Սլովենիայի ԱԳ Նախարար Դմիտրի Ռուպելի հրավերով ս.թ. օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Սլովենիայի Բլեդ քաղաքում տեղի ունեցած ռազմավարական ֆորումին, որի մասնակիցների թվում էին նաեւ ԵՄ պաշտոնյաներ, եվրոպական, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական եւ քաղաքական ուղղությունները. ԵՄ-ի դերը եւ ԵԱՀԿ-ն» թեմայով կլոր սեղանին ելույթ ունեցավ նաեւ նախարար Օսկանյանը: Նախախարի ելույթը վերաբերում էր տնտեսության բնագավառում ընդհանուր դրական զարգացումներին, որոնց շարունակականության ապահովումը խթան կհանդիսանա քաղաքական ոլորտում դրական զարգացումների համար:
Խոսելով տարածաշրջանի զարգացման մասին ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց կայուն տնտեսական զարգացման խնդիրների վրա ուշադրության սեւեռումը: Նա կոչ արեց միջազգային հանրությանը դիտել տարածաշրջանին ոչ միայն նավթ եւ գազ արտահանման տեսանկյունից, այլ որպես մի ընդհանրության, որն ունի հզոր մարդկային ռեսուրս, որ պետք է օգտագործվի եւ խրախուսվի:
Նա ընդգծեց, որ եվրոպական կառույցները մեծապես աջակցեցին ժողովրդավարական գործընթացներին նորանկախ պետություններում եւ այդ կառույցների շարունակական ներգրավվածությունը կարող է նպաստել անհրաժեշտ ինստիտուտների ձեւավորմանն ու հավասար եւ բազմակողմ տնտեսական աճին:
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ երկկողմ հանդիպում ունեցավ 2008թ. հունվարին ԵՄ նախագահությունը ստանձնող Սլովենիայի ԱԳ Նախարար Դմիտրի Ռուպելի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունները, Սլովենիայի նախագահության ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրերն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումները: