ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջիկա այցերի վերաբերյալ
24 օգոստոսի, 2007Ս.թ. օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Սլովենիա` մասնակցելու Բլեդ քաղաքում կայանալիք ամենամյա ֆորումին, որը տեղի կունենա «ԵՄ 2020. ընդլայնում եւ ինտեգրում» խորագրի ներքո:
Համաժողովին նախատեսվում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու, Խորվաթիայի վարչապետ Իվո Սանադերի, Լիտվայի վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի, Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկիի, Կոսովոյի կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարիի, մի շարք երկրների արտգործնախարարների, քաղաքական գործիչների, ԵՄ պաշտոնյաների եւ վերլուծական կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր կքննարկեն Եվրոպայի առաջ կանգնած մարտահրավերները: Օրակարգում նախատեսվում են նաեւ եվրոպական ինտեգրմանը վերաբերող հարցերի քննարկումներ:
«Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական եւ քաղաքական ուղղությունները. ԵՄ-ի դերը եւ ԵԱՀԿ-ն» խորագրով քննարկման ընթացքում նախատեսվում է նաեւ նախարար Օսկանյանի ելույթը: Նշված քննարկմանը կմասնակցեն նաեւ Վրաստանի փոխվարչապետը, Եվրոպայի եւ Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Վագիֆ Սադիքովը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
Բլեդում ՀՀ ԱԳ նախարարը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ:
Ս.թ. սեպտեմբերի 3-4-ը ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հրավերով կմասնակցի ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության (ՆՀՔ) անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որի կընթանա «Աշխատելով միասին` ամրապնդել Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» խորագրի ներքո:
Հանդիպմանը, որին ներկա կգտնվեն ԵՀՔ 16 մասնակից երկրների արտգործնախարարները, ծավալվելիք քննարկումների նպատակն է զարգացնել ԵՀՔ շրջանակում համագործակցությունը առեւտրի ազատականացման, էներգետիկ անվտանգության եւ կլիմայի փոփոխման մարտահրավերների ուղղություններով:
Բրյուսելում գտնվելու ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ: