ՀՈՒՇԱԳԻՐ
23 օգոստոսի, 2007Ինչպես տարբեր առիթներով բազմիցս նշվել է, շուրջ մեկ տարի առաջ Վրաստանի օրենսդրությունում կատարված փոփոխությունների համաձայն, Վրաստան-Հարավային Օսեթիա, Վրաստան-Աբխազիա անցանակետերից օգտվելը քրեական հանցագործություն է: Ըստ այդմ, այդ անցակետերով երբեւէ անցած անձինք ենթակա են պատժի Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածի (Պետական սահմանի անօրինական հատում) դրույթների համաձայն: Օրենքը խախտած անձանց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները հետեւյալն են`
1. Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածի առաջին մասի համաձայն, պետական սահմանի անօրինական հատումը նախատեսում է տուգանք կամ մինչեւ երկու տարի ազատազրկում:
2. Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե պետական սահմանի անօրինական հատումը իրականացվում է մի խումբ անձանց կողմից, բռնությամբ կամ բռնության սպառնալիքի կիրառմամբ, ապա Վրաստանի ՔՕ-ն սահմանում է մինչեւ հինգ տարի ազատազրկում:
Հիշեցնում ենք, որ օրենքը գործում է բոլոր երկրների քաղաքացիների նկատմամբ: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա միայն մեկ օրինական ցամաքային անցակետ` Կազբեգի-Վերին Լարս (Ռուսաստանի կողմից վերակառուցման աշխատանքների պատճառով այն այսօր չի գործում), այլ ճանապարհներով վրաց-ռուսական սահմանի հատումը Վրաստանի օրենսդրության խախտում է:
Հաշվի առնելով այս հանգամանքը, կրկին անգամ կոչ ենք անում այն ՀՀ քաղաքացիներին, որոնց անձնագրերում կան նշումներ վրաց-աբխազական կամ վրաց-օսական անցակետերը հատելու վերաբերյալ, ձեռնպահ մնալ Վրաստան այցելություններից:
23.08.2007