ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ
16 օգոստոսի, 2007Ս.թ. օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Կյու Հյունգը (Lee Kyu-hyung, նստավայրը` Մոսկվա):
Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Ցավակցություն հայտնելով դեսպանին Աֆղանստանում զոհված կորեացիների կապակցությամբ` նախարարը հույս հայտնեց, որ մնացածը շուտափույթ ազատ կարձակվեն:
Նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Հայաստանի եւ Կորեայի երկկողմ շփումների աշխուժացման վերաբերյալ, հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Կողմերը կարեւորեցին իրավական դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը: Նշվեց, որ Հայաստանը ձգտում է զարգացնել երկկողմ հարաբերությունները ասիական տարածաշրջանի առաջատար երկրների հետ:
Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ գործակցության հեռանկարները: Նորանշանակ դեսպանը նշեց, որ Կորեան շահագրգիռ է իր առաջարկած բազմաթիվ ոսուցողական, փորձի փոխանակման եւ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերում Հայաստանի առավել ակտիվ ներգրավմամբ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ գալիք տարվա երկու երկրների նախագահական ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ Հարավային Կորեան կպահպանի իր հավասարակշիռ դիրքորոշումը եւ վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը շարունակելու խաղաղ կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Միսնկի խմբի ֆորմատով` չտեղափոխելով այն ՄԱԿ, ինչի կողմնակից է Ադրբեջանը:
Տեղեկանք. 1974թ. Լի Կյու Հյունգը ավարտել է Սեուլի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը : 1974թ-ից Կորեայի ԱԳՆ աշխատակից է: 1989թ. նշանակվել է Կորեայի ԱԳՆ-ի ՄԱԿ-ի հետ կապերի բաժնի տնօրեն: 1997թ. եղել է Կորեայի ԱԳՆ խոսնակ: 1999թ. նշանակվել է Չինաստանում Կորեայի դեսպանության լիազոր նախարար: 2002թ.եղել է Բանգլադեշում Կորեայի արտակարգ եւ լիազոր դեսպան: 2004թ. նշանակվել է Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության խոսնակ, 2005թ.` փոխնախարար: 1992թ. Լի Կյու Հյունգին շնորհել են Պատվավոր ծառայության համար տիտղոս: