Բուենոս Այրեսում ավանդական հայկական օրացույցով 4500 տարեթվի դիմավորման վերաբերյալ

15 օգոստոսի, 2007

Ս.թ. oգոստոսի 10-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջեւ` Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի հովանավորությամբ կազմակերպվել է մեծ բեմականացված տոնակատարություն` նվիրված հայկական ավանդական օրացույցով 4500 տարեթվի դիմավորմանը:

Հայկական տարեմուտին նվիրված հանդիսությունները դիտելու համար Պատմական Հայաստանի դրոշներով զարդարված Արմենիա փողոցում համայնքային ներկայացուցիչներից բացի հավաքվել էին բազմաթիվ արգենտինացիներ, օտարերկրյա դիվանագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Բեմականացված հանդիսությունները տեղի են ունեցել եկեղեցու առջեւ տեղադրված բեմահարթակի վրա. Հայաստանյան առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը կատարել է խաղողի եւ հացի օրհնության ծիսակատարություն, հնչեցրել է 4500-րդ հայկական Նոր տարվա գալուստն ազդարարող շեփորը: Այնուհետեւ «Գայանե», «Մասին», «Նաիրի» պարային համույթները հանդես են եկել համերգային ծրագրով:

Միջոցառման ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը լուսավորվել է ճոխ հրավառությամբ:

Տպել էջը