Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Գերմանիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ

13 օգոստոսի, 2007

Ս.թ. օգոստոսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինը (Andrea Joana-Maria Wiktorin):

Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը հաջողություն մաղթեց դեսպանին բարձր առաքելության կատարման գործում: Իր հերթին դեսպանը հավաստիացրեց, որ կանի ամենը` նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների արդի բարձր մակարդակին, ինպես նաեւ քննարկեցին Հայաստանի եւ Գերմանիայի գործակցության հետագա ծրագրերը:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման վերջին զարգացումներին` նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց ԵՀՔ Գործողությունների Ծրագրի շրջանակում Հայաստանի կողմից տարված աշխատանքը, որը կներկայացվի Եվրոպական հանձնաժողովին ս.թ սեպտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՀՔ ԳԾ մասնակից-պետությունների առաջին համաժողովի ընթացքում:

Հյուրի խնդրանքով նախարարը նաեւ համառոտ անդրադարձավ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին: Դեսպանը նշեց, որ թեեւ Գերմանիան Մինսկի խմբի համանախագահող երկիր չէ եւ ակտիվորեն ներգրավված չէ խաղաղ կարգավորման գործընթացում, սակայն եւս մեկ անգամ վերահաստատում է իր շահագրգռվածությունը խնդրի շուտափույթ կարգավորմամբ եւ տարածաշրջանում կայունության հաստատմամբ:

ՏԵՂԵԿԱՆՔ: Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինը ծնվել է 1957թ. : 1991թ.-ից ԳԴՀ արտգործնախարարության աշխատակից է: 1992-95թթ. աշխատել է Լատվիայում Գերմանիայի դեսպանատանը, այնուհետեւ 1997-2000թթ.` Նիդերլանդներում Գերմանիայի դեսպանատանը: 2000-2003թթ.` նշանակվել է Բելառուսում ԳԴՀ դեսպանության փոխդեսպան, 2003թվականից ԳԴՀ արտգործնախարարության վարչության ղեկավարի տեղակալ: Ամուսնացած չէ:

Տպել էջը