Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման վերաբերյալ
10 օգոստոսի, 2007ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման եւ անցկացման կազմակերպական կոմիտեի անդամ Կարեն Միքայելյանին:
Նախորդ երկու համագումարները կայացել են 1917 եւ 1918 թվականներին Երեւանում:
Ներկայացնելով երրորդ համագումար հրավիրելու նշանակությունն ու անհրաժեշտությունը համազգային խնդիրները միասնաբար առաջադրելու եւ համատեղ ջանքերով լուծելու գործում` Կարեն Միքայելյանը տեղեկացրել է, որ արդեն կայացել են կազմակերպական մի քանի նիստեր, հրապարակվել է լիազոր ներկայացուցչական մարմիններ հիմնելու մասին Հայտարարությունը:
Կարեւորելով նախորդ երկու համագումարների ընդհատված գործընթացները շարունակելու եւ երրորդ համագումարը հրավիրելու նախաձեռնությունը` Վարդան Օսկանյանը նշել է, որ նման ներկայացուցչական համագումար հրավիրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ աշխատանք կատարել Սփյուռքի հայ համայնքներում եւ հատկապես աշխարհիկ ու հոգեւոր կազմակերպությունների հետ` նրանց հետ նախապես քննարկելով համագումարի հրավիրելու հետ առնչվող բոլոր խնդիրները: