Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի Շրի Լանկա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ

08 օգոստոսի, 2007

Ս.թ. օգոստոսի 1-5-ը Շրի Լանկայում համատեղության կարգով հավատարմագրված Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր Կոլոմբոյում, որտեղ հանդիպումներ է ունեցել մի շարք նախարարություններում եւ Ցեյլոնի առեւտրատնտեսական պալատում:

Օգոստոսի 1-ին դեսպանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԳՆ Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Ք. Վիջեյռատնեի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մանրամասներ: Մասնավորապես կարեւորվել է իրավական դաշտի ստեղծման, բարձր մակարդակի, նաեւ ձեռներեցների փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Օգոստոսի 2-ին դեսպան Քոչարյանը հադիպել է առեւտրի, շուկայական զարգացման ու սպառման հարցերով նախարարի տեղակալ Ռ. Ռաթնայակեի հետ: Հանդիպման ընթացքում ուրվագծվել են փոխշահավետ համագործակցության հետեւյալ ուղղությունները. զբոսաշրջություն, կրթություն, մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, ոսկերչություն:

Օգոստոսի 3-ին Ցեյլոնի առեւտրատնտեսական պալատում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում դեսպան Քոչարյանը հանդես է եկել Հայաստանին նվիրված ելույթով: Անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններին, քաղաքական եւ տնտեսական զարգացումներին, կառավարության ներդրումային քաղաքականությանը, բարենպաստ օրենսդրական դաշտին: Պալատի նախագահ Մահեն Դայանանդան դեսպանին է փոխանցել 2008 թ. փետրվարին Կոլոմբոյում կայանալիք IMEXPRO 2008 (Import – Export Promotion Fair) միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերը:

Օգոստոսի 4-ին եւ 5-ին Հայաստանի դեսպանը հանդիպել է ձեռներեցների, նաեւ Շրի Լանկայի առեւտրատնտեսական խրախուսման հարցերովզբաղվող կառույցների ղեկավարների հետ: Քննարկվել են հնարավոր գործակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր:

Տպել էջը