Վլադիմիր Կարապետյանին ՀՀ ԱԳՆ խոսնակ նշանակելու վերաբերյալ
06 օգոստոսի, 2007ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ խոսնակ, ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ:
Վ. Կարապետյանի համառոտ կենսագրությունը.
Վլադիմիր Կարապետյանը ծնվել է 1969թ. հուլիսի 5-ին Երեւանում: 1993թ. ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետը: 1987-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Դիվանագիտական ծառայության է անցել 1994 թվականից` որպես ԱՊՀ վարչության կցորդ: 1996-1997թթ. աշխատել է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում որպես երրորդ քարտուղար: 1997թ. մինչեւ 2001թ. ՀՀ ԱԳՆ համակարգում զբաղեցրել է ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների երկրորդ քարտուղարի, ԱՊՀ երկրների բաժնի վարիչի, այնուհետեւ Ռազմաքաղաքական վարչության անվտանգության համագործակցության բաժնի վարիչի պաշտոնները:
2001-2004թթ. աշխատել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունում` խորհրդականի պաշտոնում: Վերադառնալով Հայաստան` 2004-2006թթ. զաղեցրել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնը, իսկ 2006թ. հունիսից կատարել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պարտականությունները:
ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել է մի քանի տասնյակ պաշտոնական եւ աշխատանքային այցերի, միջազգային խորհրդաժողովների եւ համաժողովների: Արտերկրում մասնակցել է մի շարք դիվանագիտական վերապատրաստման դասընթացների, 2005թ. մասնակցել է Հռոմի ՆԱՏՕ Պաշտպանական քոլեջի հնգամսյա դասընթացին:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: