ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Քրոնիմեթ ընկերության նախագահ Գյունթեր Պիլարսկու հանդիպման վերաբերյալ

02 օգոստոսի, 2007

Ս.թ. օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Քրոնիմեթ ընկերության (CRONIMET GRUPPE) հիմնադիր եւ նախագահ, Գերմանիայում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու գլխավորած պատվիրակությանը:

Գյունթեր Պիլարսկին ներկայացրեց իր ղեկավարած ընկերության գործունեությունը Հայաստանում` նշելով, որ գոհացած է թե արտահանման ծավալով, թե Հայաստանում աշխատանքի համար ստեղծված պայմաններով: Այնուհետեւ ներկայացվեցին Հայաստան կատարած այցի արդյունքները, պաշտոնական հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես հիշատակվեց երկու երկրների Առեւտրի պալատների կողմից ստորագրված համագործակցության մասին հուշագիրը:

Նախարար Օսկանյանը, բարձր գնահատելով պրն Պիլարսկու իրականացրած ներդրումային եւ բարեգործական ծրագրերը, ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակն ու ներդրումային քաղաքականությունը, անդրադարձ կատարեց ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների տնտեսական համագործակցությանը նպաստող իրավապայմանագրային դաշտի ընդայման հնարավորությունների շուրջ:

Տպել էջը