ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան այցելության եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Լոռու մարզում հանդիպման վերաբերյալ
30 հուլիսի, 2007Ավարտելով աշխատանքային այցը Վրաստան եւ վերադառնալով Բաթումիից` ս.թ. հուլիսի 28-ին նախարար Օսկանյանն այցելել է Ախալցխա եւ հանդիպումներ ունեցել Սամցխե-Ջավախեթի մարզի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչների ու երիտասարդական թեւի ակտիվի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի հաջորդ կանգառը Ախալքալաքում էր, ուր Վարդան Օսկանյանն այցելեց Սուրբ խաչ եկեղեցի, հանդիպեց Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանից ընտրված ազգությամբ հայ պատգամավորների եւ համայքնի ներկայացուցիչների հետ:
Օրվա երկրորդ կեսին նախարար Օսկանյանը հանդիպեց Լոռու մարզ այցելած Վրաստանում հավատարմագրված տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի նախաձեռնած` Վրաստանում հավատարմագրված դիվանագետների այցի նպատակն էր Լոռու մարզի մշակութային ժառանգությանը, նաեւ արտադրական ձեռնարկություններին ծանոթանալը:
Այցելության ընթացքում դիվանագետները Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց եւ Գուգարաց թեմերի առաջնորդների ուղեկցությամբ այցելեցին Հաղպատի վանք եւ Սանահին եկեղեցի, եղան Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, Սանահին գյուղում այցելեցին Անաստաս եւ Արտեմ Միկոյանների տուն-թանգարան: