Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այցերի եւ հանդիպումների վերաբերյալ

27 հուլիսի, 2007

Ս.թ. հուլիսի 27-ին Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այցելեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Աջարիայի տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձան նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման եւ հայ զբոսաշրջիկների այցերի հետ կապված հարցերին:

Նախարար Օսկանյանը այցելել է նաեւ Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի եւ զրուցել Աջարիայի Հայոց հոգեւոր հովիվ Հայր Կիրակոս աբեղա Դավթյանի հետ:

Վաղը` հուլիսի 28-ին, նախախար Օսկանյանը կայցելի Ջավախք եւ Ախալքալաքում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ: Նախարար Օսկանյանը կայցելի նաեւ Սուրբ խաչ եկեղեցի եւ կհանդիպի Ջավախքի հոգեւոր հովիվ Բաբկեն աբեղա Սալբյանի հետ:

Շաբաթ օրը նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Տպել էջը