Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինյան հանձնախմբի նախագահին Անանիա Շիրակացու շքանշան հանձնելու վերաբերյալ
27 հուլիսի, 2007Ս.թ. հուլիսի 25-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրված Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինյան հանձնախմբի նախագահ Խորխե Վարդպարոնյանին շքանշանի հանդիսավոր հանձնման կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստան հիմնադրամի Բուենոս Այրեսի հանձնախմբի անդամները, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Շքանշանը հանդիսավոր հանձնել է Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Շնորհավորական խոսքում դեսպանը նշել է, որ Խորխե Վարդպարոնյանը պարգեւատրվում է Անանիա Շիրակացու մեդալով` Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի եւ Արցախի զորացման ծրագրերի կենսագործման ընթացքում ներդրած նշանակալի ավանդի համար եւ հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:
Դեսպանը նաեւ կարեւորել է Վարդպարոնյանի դերը Արգենտինայի կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունման գործում: