ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ

21 հուլիսի, 2007

Մենք ողջունում ենք հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները, որին մասնակցել է ԼՂ բնակչության մոտավորապես 80% - ը: Այս ընտրությունները 1991 թվականից մինչ այժմ Արցախում անցկացված տասնյակից ավելի նախագահական, խորհրդարանական եւ տեղական ընտրությունների, ինչպես նաեւ անցյալ տարի տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի շարքում վերջինն են:

Ընտրությունների անցկացումը Արցախի բնակչության ժողովրդավարության եւ օրենքի իշխանությունն ապահովելու ուղու գրավականներից մեկն է: Օրինականորեն ձեւավորված իշխանությունները հաջողությամբ ապահովում են այդ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, նույնիսկ վերջնական կարգավորման բացակայության պայմաններում:

ԵԱՀԿ եւ միջազգային մի շարք փաստաթղթերում հստակորեն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ոչ միայն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների կողմ, այլեւ այն, որ ընտրված իշխանությունները պետք է ներկայացնեն ԼՂ ժողովրդին:

Այս եւ այլ ընտրությունների անտեսումը ազնիվ չէ եւ ուղղակիորեն հակասող ժամանակակից քաղաքական արժեքներին: Ավելին, այս կարգի մերժողականությունը չի կարող հասկացվել, քանզի աշխարհի այլ վայրերում, ուր եւս բացակայում է վերջնական քաղաքական կարգավիճակ ու հիմնախնդրի կարգավորում, նման ընտրություններն, իսկապես, խրախուսվում են, դիտարկվում եւ դրանց օժանդակություն է ցույց տրվում:

Արցախի ժողովուրդը հաստատակամ է բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը` խաղաղության ու վերջնական կարգավորման հասնելու նպատակով:

Ի տարբերություն այլ հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղում բնակչությունը մշտապես ստիպված է եղել ապահովել իր սեփական անվտանգությունը առանց միջազգային հանրության օգնության: Նույն կերպ նրանք հաջողության հասան նաեւ իրենց ժողովրդավարական գործընթացների եւ ներքին կայունության ապահովման գործում:

Տպել էջը