ՀՀ ԱԳ նախարարի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հանդիպման վերաբերյալ
18 հուլիսի, 2007Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց իր առաքելությունը Հայաստանում ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Իվ Առնոլդիին: Վերջինս ներկայացրեց իրեն փոխարինելու եկած, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին:
Հանդիպման ժամանակ պրն. Առնոլդին շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության, մասնավորապես` արտաքին գործերի նախարարության հետ ծավալված արդյունավետ համագործակցության համար: Նա համառոտակի ներկայացրեց Հայաստանում ԿԽՄԿ-ի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերը անհայտ կորած անձանց հայտնաբերման ու նրանց վերաբերյալ մինչմահու տվյալների հավաքագրման ուղղությամբ, գերիների փոխանակման ու ընտանիքների հետ նամակագրության, կալանավայրերում տուբերկուլյոզի դեմ պայքարի, միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցման ու զարգացման ուղղությամբ տարվող ծրագրերի վերաբերյալ:
Երկուստեք հույս հայտնվեց, որ արդեն իսկ առկա համագործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարի ակտիվ օժանդակությամբ: