ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինայի հանդիպման մասին

16 հուլիսի, 2007

Ս. թ. հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինային:

Հանդիպման սկզբին նախարար Օսկանյանը, ջերմորեն ողջունելով Փերինային նշանակման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ Հայաստանի ու տարածաշրջանի Ռ. Փերինայի գերազանց իմացությունը կնպաստի իր բարձր առաքելության հաջողությանը:

Զրուցակիցները համաձայնեցին, որ երկու երկրները շահագրգիռ են ներկայացված լինելու դեսպանի մակարդակով, սակայն այս փոլում, նախարարի խոսքով, նման նշանակումը մեծապես կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցեր, Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ:

Ռ. Փերինան տեղեկացրեց, որ ամերիկյան կողմը հետեւում է «Ազատություն» ռադիոկայանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ հույս հայտնեց, որ օրերս մեկնարկած բանակցությունները խնդրո առարկայի վերաբերյալ փոխշահավետ լուծում կստանան:

Զրուցակիցները նաեւ ընդհանուր գծերով քննարկեցին Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ներկա փուլը:

Հանդիպմանը ներկա էր Հայաստանում առաքելությունն ավարտող փոխդեսպան Է. Գոդֆրին:

Տպել էջը