Եվրոպայի Խորհրդում եւ Կոլմար քաղաքում Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի հայ երիտասարդ մենակատարների համերգների վերաբերյալ
13 հուլիսի, 2007Եվրոպայի Խորհրդում Հայաստանի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 11-ին ԵԽ նախարարների կոմիտեի ճեմասրահում կայացել է Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի հայ երիտասարդ մենակատարների համերգը, որը նվիրված էր Ֆրանսիայում Հայաստանի տարվան։
Համերգի սկզբին բացման խոսքով հանդես են եկել ԵԽ-ում Հայաստանի եւ Ֆրանսիայի դեսպաններ Ք. Տեր-Ստեփանյանը եւ Բ. Գենը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Դեւիսը։
Համերգին ներկա են եղել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մ. Բուքիքիոն, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմերբերգը, ԵԽ գլխավոր տնօրինությունների ղեկավարներ, ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգին հետեւել է ընդունելություն՝ հայ երիտասարդ մենակատարների պատվին։Նախորդ օրը՝ հուլիսի 11-ին կազմակերպվել է նվագախմբի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մ. Բուքիքիոյի հետ, որի ժամանակ նա պատմել է ԵԽ շրջանակում իրականացվող երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված եվրոպական արշավի մասին եւ շնորհակալություն հայտնելով ԵԽ-ում ՀՀ դեսպան Ք. Տեր Ստեփանյանին երիտասարդ երաժիշտների այցը կազմակերպելու համար` հույս է հայտնել, որ հայաստանյան հիմնադրամի աշակերտները ակտիվ կմասնակցեն այդ արշավի շրջանակում Հայաստանում նախատեսվող միջոցառումներին։
Հուլիսի 12-ին Կոլմար քաղաքում ընթացող Վ. Սպիվակովի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Կոլմարի քաղաքապետի տեղակալ Ք. Շարլուտոյի, ԵԽ-ում ՀՀ դեսպան Ք. Տեր Ստեփանյանի եւ Վ. Սպիվակովի ներկայությամբ կայացել է հայ մենակատարների գալա համերգը։