Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած ԱՐՄՏԵՔ 2007 առաջին կոնգրեսին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ
09 հուլիսի, 2007Ս.թ. հուլիսի 5-7-ը Սան Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել ԱՐՄՏԵՔ 2007 առաջին կոնգրեսը, որը նվիրված էր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներին, խնդիրներին եւ ներդրումային հնարավորություններին: Ներկա էր մոտ 400 մասնակից: Միջոցառումն առավել ուշագրավ էր այն հանգամանքի շնորհիվ, որ անցկացվում էր Սիլիկոնային հովտում, որը համարվում է բարձր տեխնոլոգիաների օրրանը:
Կոնգրեսը կազմակերպել էր հայաստանյան եւ կալիՖորնիական մի շարք ընկերությունների, ակադեմիական հաստատությունների, պետական հիմնարկների ու աջակցության ծրագրերի ներկայացուցիչներից բաղկացած կազմկոմիտեն: Ներդրում էր ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակը (USAID):
Հուլիսի 7-ին տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում հիմնական ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա անդրադարձել է Հայաստանի առաջընթացին, կայունությանը եւ հեռանկարին: Կարեւորելով ժամանակակից տնտեսության զարգացման գործում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը` Վարդան Օսկանյանը հատկապես կարեւորել է սոցիալական ծառայությունների, այդ թվում կրթության եւ առողջապահության ոլորտներում դրանց հարաճուն կիրառման անհրաժեշտությունը:
Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանում երկրորդ սերնդի բարեփոխումների հրամայականը եւ մեծապես դրանցով պայմանավորել երկրի հետագա զարգացման հեռանկարը՝ հատուկ ընդգծելով, որ թե հաջողությունների եւ թե բացթողումների համար պատասխանատվություն է կրում ամբողջ հասարակությունը:
Նախարար Օսկանյանն անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը եւ ներկա խնդիրներին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առանձին ասպեկտներին:
Կոնգրեսի հաջորդ գումարումը նախատեսվում է 2009թ.:
Ի թիվս այլոց, միջոցառմանը մասնակցել են Սինոպսիս, Իմպեվա, Պի Դի ԷՖ Սոլուշընզ, Վիրաժ Լոջիկ (Synopsys, Impeva, PDF Solutions, Virage Logic) եւ ոլորտը ներկայացնող աշխարհի տարբեր երկրներից այլ ընկերությունների ղեկավարները եւ պատվիրակները, Մորգան Սթենլի (Morgan Stanley) դրամատան ներդրումային գծով գործադիր տնօրենը, Մակենզի (Mckinsey & Company) խորհրդատվական ընկերության եվրոպական ստորաբաժանման տնօրենը, Հայկական զարգացման գործակալության տնօրենը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահը, Հայաստանի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Պաշտոնական ատյաններից կոնգրեսին մասնակցել են ՀՀ նախագահի տնտեսական հարցերի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջո Սիմիտյանը, Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերի ներկայացուցիչը:
Միջոցառումը լուսաբանել են հայաստանյան եւ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ: