Պրահայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակի բացման վրաբերյալ

06 հուլիսի, 2007

Հուլիսի 2-ին Պրահայում տեղի է ունեցել Վիեննայում Հայաստանի դեսպանության գրասենյակի հանդիսավոր բացումը: Ավստրիայում եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ողջունելով հյուրերին եւ ներկայացնելով դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար, դեսպանորդ Աշոտ Ոսկանյանին, նշել է, որ Չեխիայում Հայաստանի դեսպանության գրասենյակի բացումը հնարավորություն է տալիս ամենօրյա անմիջական աշխատանք իրականացնել հյուրընկալ երկրում, եւ դրանով նոր լիցք է ապահովում երկկողմ հարաբերություների հետագա զարգացման համար: Գրասենյակի օրհնության կարգը կատարել է Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վրդ. Փիլավչյանը:

Ողջույնի խոսք են ասել Չեխիայի սենատոր Յարոմիր Շտետինան եւ Չեխիայի ԱԳՆ Արեւելան եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի վարչության պատասխանատու Ռադեկ Մատուլան: Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի հիմնումը Հայաստանի ներկայության նոր որակ է ապահովում Չեխիայում եւ ողջունել են ՀՀ իշխանությունների` երկու երկրների միջեւ համագործակցության ինտենսիվացմանն ուղղված այդ կարեւոր քայլը:

Չեխիայում գտնվելու ընթացքում հունիսի 29-ին Կարլովի Վարիում դեսպան Հովակիմյանը եւ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Ոսկանյանը ներկա են գտնվել Կարլովի Վարիի 42-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացմանը, որը տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսի ներկայությամբ: Հաջորդ օրը տեղի է ունեցել կանադահայ ստեղծագործական խմբի (ռեժիսոր Կարինե Թորոսյան, մասնակցությամբ Արսինե Խանջյանի) ներկայացրած «Քարե ժամանակի հպումը»` Stone Time Touch, կինոնկարի ցուցադրությունը, որն ընտրվել էր վավերագրական ֆիլմերի մրցակցությանը մասնակցելու համար: Նույն օրվա երեկոյան դեսպան Հովակիմյանը եւ Ոսկանյանը հանդիպել են Կարլովի Վարիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 2-ին Պրահայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի կրթության, գիտության եւ սպորտի նախարար տիկին Դանա Կուխտովայի հետ:

Տպել էջը