ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների միջեւ հանդիպման վերաբերյալ
02 հուլիսի, 2007Ս.թ. հուլիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդում Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի եւ Լատվիայի դեսպանները, ԵԽ նախարարների կոմիտեի քարտուղարության պաշտոնյաներ:
Նշելով խմբի կանոնավոր բնույթ կրող այցելությունները տարածաշրջան ու շփումները ՀՀ իշխանությունների հետ, նախարար Օսկանյանը դրական գնահատեց Եվրոպայի խորհրդին ՀՀ անդամակցությունից ի վեր պարտավորությունների կատարման շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի հետ ծավալվող համագործակցության արդյունավետությունն ու օգտակարությունը:
Հանդիպմանը զրուցակիցները անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային ներկա փուլին, ս.թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ միջազգային գնահատականներին, ինչպես նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների նախապատրաստման հարցերին:
Ընտրությունների եւ ընտրական օրենսգրքի կապակցությամբ Ագոյի խմբի անդամները, դրական գնահատելով անցած ընտրությունները, կարեւորեցին Հայաստանում ընտրական օրենսդրության եւ ընտրությունների բարելավման գործընթացները:
Խոսելով զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերի մասին, ԵԽ դեսպաները հատուկ անդրադարձան այս օրերին ԱԺ-ում քննարկվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին առնչվող ՀՀ կառավարության նախաձեռնությանը, մտահոգություն հայտնելով, որ փոփոխությունների ընդունման դեպքում կարող է սահմանափակվել ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու ազատությունը: Լսելով ՀՀ ԱԳ նախարարի պարզաբանումները, դեսպանները վերահաստատեցին իրենց հորդորը ՀՀ իշխանություններին նշյալ հարցում հավատարիմ մնալու ստանձնած պարտավորությունների ոգուն:
Նախարար Օսկանյանը դեսպաների ուշադրությունը հրավիրեց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս արված հայտարարությունների վրա, խնդրելով զգայուն հարցերի վերաբերյալ մեկնաբանություններում ցուցաբերել հնարավորինս շրջահայաց մոտեցում: