Ստրասբուրգում կայացած «Երաժշտական ճամփորդություն Հայաստան» համերգի վերաբերյալ
02 հուլիսի, 2007Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով Ստրասբուրգի ?ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ Ստրասբուրգի Համագումարների պալատում ս.թ. հունիսի 28-ին կայացել է «Երաժշտական ճամփորդություն Հայաստան» խորագրով Հայաստանի կամերային նվագախմբի երգչախմբի մենահամերգը՝ դիրիժոր Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ։
Համերգին, որը նվիրված էր հայ հանրահայտ կոմպոզիտորներին, հնչել են նաեւ ֆրանսիական երաժշտական աշխարհի հանրաճանաչ հեղինակների ստեղծագործությունները։
Համերգին ներկա էին Ստրասբուրգի քաղաքապետի տեղակալ Ժոել Հաոսերը, Եվրոպայի Խորհրդի մշակույթի եւ կրթության գլխավոր տնօրինության ղեկավար Գաբրիելա Բաթայնի-Դրագոնին, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներ, Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգի ավարտին ԵԽ-ում Հայաստանի դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանի եւ Ստրասբուրգի քաղաքապետ Ֆաբիեն Կելերի անունից տրվել է ընդունելություն։