ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղար Օլգա Ալգայերովայի հանդիպման վերաբերյալ

29 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Օլգա Ալգայերովայի (Olga Algaerova) գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ` նախարար Օսկանյանը նշեց, որ Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարի այս այցը լավ հնարավորություն է ընձեռում երկու երկրների միջեւ համագործակցության հարցերի քննարկման ու հետագա անելիքների նախանշման, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններին` կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության զարգացման, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Երկուստեք կարեւորվեց ԵՄ-ին անդամակցության Սլովակիայի փորձից օգտվելու հնարավորությունը: Նախարար Օսկանյանը կարեւորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը` նշելով, որ մենք ջանում ենք օգուտներ քաղել եվրոպական ինտեգրման գործընթացից:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ Սլովակիայի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի շրջանակում` կարեւորելով կոնկրետ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը:

Տպել էջը