Միացյալ Թագավորության Համայնքների պալատում տեղի ունեցած «Ցեղասպանության ժխտումը եւ ՄԹ կառավարության «բարոյական արտաքին քաղաքականությունը» խորագրով հանդիպման վերաբերյալ

29 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 27-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատում տեղի ունեցավ Բրիտանահայկական բազմակուսակցական խորհրդարանական խմբի (BAAPPG), Ցեղասպանության կանխարգելման բազմակուսակցական խորհրդարանական խմբի, Նոր սերնդի ձայն հրատարակության, «Armenia Solidarity», «The Armenian Genocide Trust», «Aegis Trust» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիպում` «Ցեղասպանության ժխտումը եւ ՄԹ կառավարության «բարոյական արտաքին քաղաքականությունը» թեմայով:

Հանդիպմանը Հայոց ցեղասպանության եւ Դարֆուրի իրադարձությունների մասին ելույթներով հանդես եկան ՄԹ Համայնքների պալատի անդամ Դեյդիդ Դրյուն (David Drew MP), «Aegis Trust»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Սմիթը, ՀՀ դեսպան Վ. Գաբրիելյանը: Ցեղասպանության ժխտման հոգեբանական հետեւանքների մասին ելույթ ունեցավ «Ռաֆայել» հրեական խորհրդատվական ծառայության կլինիկական տնօրեն Ռութ Բարնեթը (Ruth Barnett, Clinical Director, Raphael Jewish Counselling Service):

Ջ. Սմիթը, հանդես գալով «Դարֆուրը եւ Հայաստանը» վերնագրով ելույթով, զուգահեռներ անցկացրեց հայոց ցեղասպանության եւ Դարֆուրի իրադարձությունների միջեւ, մասնավորապես նշելով երկու դեպքերում էլ կառավարությունների կողմից գործողությունների եղանակի նմանությունը (Սուդանում Ջանջեւիդ խմբավորումների, Թուրքիայում` բանտերից ազատ արձակված հանցագործներից հատուկ ջոկատների կիրառումը): Ջ. Սմիթը նաեւ անդրադարձավ ս.թ. ապրիլին իրենց կազմակերպության կողմից ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ռուանդայի ցեղասպանության հիշատակի առիթով կազմակերպված ցուցահանդեսին, որի շրջանակներում հայոց ցեղասպանության փաստի վրա հղումը հանգեցրել էր թուրքական կողմի բողոքին եւ ցուցահանդեսի ժամանակավորապես հետաձգմանը:

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վ.Գաբրիելյանը իր ելույթում մասնավորապես նշեց ցեղասպանության խնդրի շուրջ տարբեր կառույցների կողմից նման հանդիպումներ համատեղ կազմակերպելու եւ միասնական ջանքերով ցեղասպանությունների ժխտումը դատապարտելու կարեւորությունը: Դեսպանը նշելով, որ Հայաստանը նույնպես միջազգային հասարակության հետ համապատասխան ատյաններում արձագանքում է Դարֆուրում տիրող իրավիճակին, շեշտեց նաեւ, որ հայկական կազմակերպությունները պետք է իրենց նպաստը բերեն Դարֆուրում տիրող իրավիճակի լուսաբանմանը, ինչպես նաեւ հնարավոր ապագա ցեղասպանությունները կանխարգելելու միջազգային համընդհանուր ջանքերին:

Հանդիպմանը մասնակցում էին ՄԹ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Բրիտանական խորհրդարանի անդամներ:

Տպել էջը