Բրյուսելում ստորագրված Բուլդարիայի եւ Ռումինիայի՝ ԵՄ Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին միանալու արձանագրության վերաբերյալ
29 հունիսի, 2007Հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրվեց Բուլդարիայի եւ Ռումինիայի՝ ԵՄ Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին միանալու մասին արձանագրությունը։ Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ԵՄ Խորհրդի «Յուստուս Լիփսիուս» մասնաշենքում։ Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց դեսպան Վ.Չիտեչյանը, ԵՄ անդամ երկրների անունից՝ ԵՄ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչության լիազոր նախարար Մ.Զեները, իսկ Եվրոպական համայնքների անունից՝ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության ղեկավար Է.Լանդաբուրուն։
Ստորագրմանը նախորդած բացման խոսքում դեսպան Վ.Չիտեչյանը, ողջունելով փաստաթղթի ստորագրումը, ԵՄ-ի վերջին ընդլայնումը Հայաստանի համար կարեւորեց երկու տեսանկյունից։ Նախ ԵՄ-ի ֆիզիկական սահմանը Սեւ ծովի միջոցով ընդհուպ մոտեցել է Հարավային Կովկասի տարածաշրջանին։ Այս առումով ընդգծվեց սեւծովյան համագործակցության խթանումը եւ այդ գործընթացում ԵՄ-ի ներգրավվածության րնդլայնումը։ Հաջորդ արժանահիշատակ հանգամանքն այն է, որ Հայաստանը Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ ունի ավանդական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչը կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացմանը։
Ողջյունի խոսքերով հանդես եկան նաեւ ԵՄ պաշտոնյաները։ Ստորագրման արարողությանը հետեւեց ընդունելություն։
Նմանատիպ արձանագրություն ստորագրվեց ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ։ Իսկ Ադրբեջանը տեխնիկական պատճառներով չկարողացավ ստորագրել համապատասխան փաստաթուղթը։