Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսի վերաբերյալ

27 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 26-ին Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի Սենատի փոխնախագահներ Ժան-Կլոդ Գոդենի եւ Գի Ֆիշերի հետ Փարիզի Լյուքսումբուրգյան պալատի Օրանժերեայում բացեցին հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդեսը:

Լյուքսեմբուրգյան այգու վրա բացվող Օրանժերեայի ընդարձակ տարածքում ներկայացված են գեղանկարչական մոտ 100 գործեր եւ քանդակներ, որոնք համախմբում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայ ժամանակակից 23 նկարիչների: Ցուցադրանքը պատկանում է Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանին, որի տնօրեն Հենրիկ Իգիթյանի ղեկավարությամբ այն Հայաստանի տարվա շրջանակներում այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ցուցադրվել է նաեւ Նիսում եւ Լուբեսում:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեի եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի հովանավորությամբ:«Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սենատի նախագահ պարոն Քրիստիան Պոնսելեին, որը մեծ ներդրում ունեցավ Հայաստանի տարվա անցկացման մեջ,- իր խոսքի մեջ ասաց դեսպան Նալբանդյանը:- Ֆրանսիայի Սենատը զգալի միջոցներ հատկացրեց Հայաստանի 1000 դեսպան ծրագրին, ինչի շնորհիվ հարյուրավոր հայ դպրոցականներ հյուրնկալվեցին իրենց ֆրանսիացի հասակակիցների մոտ: Խորհրդանշական է, որ հենց այստեղ, Լյուքսեմբուրգյան պալատում, անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, Սենատի նախագահի հովանավորությամբ անցավ Հայաստանի տարվա առաջին առանցքային միջոցառումներից մեկը՝ ապակենտրոնացված մակարդակով հայ-ֆրանսիական առաջին կոնֆերանսը: Եւ այսօր դարձյալ այստեղ է անցնում Հայաստանի տարվա ավարտական կարեւոր միջոցառումներից այս մեկը», ասաց դեսպանը:

Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հուլիսի 15-ը:

Տպել էջը