ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հանդիպման վերաբերյալ
20 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:
Հանդիպման սկզբում նախարարը կարեւորեց արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ Դաշինքի հետ քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը:
Այնուհետեւ մտքերի փոխանակում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության Անհհատական գործնկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման շուրջ: Տեղեկացնելով, որ հունիսի 22-ին մասնակցելու է ԱԳԳԾ հայաստանյան հանձնաժողովի նիստին, դեսպան Սիմոնսը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Ծրագրի իրագործման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանի խաղաղապահների ծառայությանը Կոսովոյում:
Նախարար Օսկանյանը նշեց, որ ԱԳԳԾ համապարփակ բնույթի փաստաթուղթ է եւ ընդգրկում է Դաշինքի հետ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները: Միեւնույն ժամանակ Ծրագիրը դիտվում է ինչպես ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության զարգացման եւ ամրապնդման կարեւորագույն միջոց, այնպես ել` Դաշինքի անդամ պետությունների հետ երկկողմ համագործակցության խթանման մեխանիզմ:
Դեսպան Սիմոնսը անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հետ առնչվող զարգացումներին, ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսությանը, Դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին, օրերս Բրյուսելում տեղի ունեցած ԵԱԳԽ պետությունների ՊՆ նախարարների հանդիպման արդյունքներին ու ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին:
Դեսպանի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումները: