ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսիհամատեղ ասուլիսը

20 հունիսի, 2007

Վ. Օսկանյան - Պրն. Սիմոնսը պարբերաբար այցելում է Հայաստան, սա հերթական այցելությունն է: Այսօր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բավական ընդգրկուն են, հստակ ուղեցույց ունենք` Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, երկրորդ տարին է արդեն ինչ այն իրագործվում է: Վերջերս տեղի ունեցավ տարեկան գնահատումը, որը դրական էր, եւ իսկապես, բոլոր ուղղություններով այդ փաստաթղթի տառն ու ոգին կիրառության է դրվում: Արդյունքներն արդեն ակնհայտ են, դրական տեղաշարժերը` տեսանելի, եւ մենք համոզված ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի առավել զարգանալ ու խորանալ:

Այսօր մենք բավական հետաքրքական քննարկում ենք ունեցել պրն. Սիմոնսի հետ, որովհետեւ ոչ թե միայն մեր երկկողմ հարաբերությունների հարցն էր, այլ տարածաշրջանի իրադարձությունները. այսօր անվտանգության խնդիրներին վերաբերող բազմաթիվ զարգացումներ կան: Բոլոր այն տեղեկություններն ու վերլուծությունները, որ պրն. Սիմոնսը արեց հանդիպման ժամանակ, շատ օգտակար էին, եւ դրա համար շնորհակալ եմ:

Մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, տեղեկացրել եմ վերջին զարգացումների, հատկապես, Սանկտ-Պետերբուրգի հանդիպման եւ դրանից հետո հնարավոր զարգացումների մասին, խոսել ենք Կոսովոյի խնդրի վերաբերյալ, այդ հարցում ՆԱՏՕ-ի տեսակետների: Խոսել ենք նաեւ Եվրոպայում հնարավոր տեղակայվելիք հրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ ՆԱՏՕ-ի մոտեցումների, նաեւ խաղաղապահ ուժերի, պաշտպանության, անվտանգության ապահովման հարցերով աշխարհի տարբեր կողմերում ՆԱՏՕ-ի ներգրավվածության մասին, որոնցից մեկում` Կոսովոյում, Հայաստանը մասնակցություն ունի: Վերջերս արդեն հայտարարվեց, որ մենք ուզում ենք մեր ներգրավվածությունն այնտեղ առավել զարգացնել եւ խորացնել, թվաքանակի առումով նաեւ առավել մեծ ներկայություն ունենալ, որովհետեւ դա, իրոք, մեր ամբողջ խաղաղապահ համակարգի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի: Այնպես որ, բավական ընդգրկուն քննարկում էր այսօր, շատ բարձր եմ գնահատում, դրական եմ գնահատում եւ կարծում եմ` այս այցը լրացուցիչ խթան կլինի մեր հարաբերությունների համար, եւ մենք կշարունակենք համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Ռ. Սիմոնս - Երեւան այցելությունը լավ հնարավորություն է ինձ համար անդրադառնալ ԱԳԳԾ-ի իրականացմանը, որին անդրադարձել էինք նաեւ տարեկան գնահատման ժամանակ ս.թ. ապրիլին եւ որոշեցինք շարունակել իրականացման ծրագիրը: Ինչպես նշել էր Բրյուսելում վարչապետը` ԱԳԳԾ-ն չի սահմանափակվում միայն պաշտպանության խնդիրներով, ընդգրկում է նաեւ մի շարք այլ ոլորտներ, որոնց հետ մենք գալիք տարիների ընթացքում կաշխատենք: Ես Դաշինքի գոհունակությունը հայտնեցի եւ շնորհակալություն հայտնեցի խաղաղապահ գործունեությունում Հայաստանի ներդրման համար, հատկապես, Կոսովոյում: Այն բարդ ժամանակաշրջանում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր հաջորդ քայլերն ու Կոսովոյի կարգավիճակը, Հայաստանի ներգրավումը, ներդրումը չափազանց կարեւոր էր, նշանակալի օժանդակություն է: Նախարարի հետ խոսեցինք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, քննարկեցինք մեր հնարավոր մասնակցությունը եւ ներգրավվածությունը: Կուզենայի նշել, որ ամենակարեւորը Հայաստանի հետ մեր բարյացակամ հարաբերություններն են:

Հարց. «Ինտերֆաքս» լ/գ - Պրն. Սիմոնս, ՆԱՏՕ-ն ինչպե՞ս է վերաբերում Հայաստան- Իրան համագործակցությանը, մասնավորապես էներգետիկ ոլորտում, երկրորդ` ընդհանրապես, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը ՆԱՏՕ-ն ինչպե՞ս է դիտարկում` հաշվի առնելով զարգացումներն Իրանում:

Ռ. Սիմոնս - Մենք ոչ մի խնդիր չունենք, շատ երկրներ են էներգակիրներ գնում Իրանից: Մեր մտահոգությունը կապված է միջուկային ծրագրի ապագա զարգացման հետ, Իրանի եւ Անվտանգության Խորհրդի կողմից քննարկվող սանկցիաների հետ, բայց դա ոչ մի դեպքում չի խոչընդոտում այլ երկրների` Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մենք հասկանում ենք Հայաստանի իրավիճակը եւ անհրաժեշտությունը որոնել եւ գտնել էներգակիրներ այնտեղ` որտեղ, որ հնարավոր է: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի իրավիճակին ընդհանրապես, ՆԱՏՕ-ն տարածաշրջանի երեք երկրների հետ շատ լավ հարաբերություններ ունի, յուրաքանչյուր երկրում անվտանգության հետ կապված իրավիճակն ուրույն է` ելնելով տվյալ երկրի շահերից. Վրաստանը շահագրգիռ է ՆԱՏՕ-ի անդամ երկիր դառնալ, նման են նաեւ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները: ՆԱՏՕ-ն չի ցանկանում անմիջականորեն ներգրավվել հակամարտություների կարգավորմանը, մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, բայց մտադիր չենք ակտիվ դերակատարում ունենալ այդ հարցում:

Հարց. - Վերջին շրջանում պատերազմական հռետորությունը դարձյալ բավական ակտիվացել է, մասնավորապես, Ադրբեջանում: Այդուամենայնիվ, հնարավոր համարու՞մ եք ռազմական գործողությունների վերսկսումը, եւ եթե դա տեղի ունենա, ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի դիրքորոշումը:

Ռ. Սիմոնս - ՆԱՏՕ-ն ներգրավված չէ բանակցություններում, բայց միշտ ասել ենք թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում, որ մենք համարում ենք, որ երկու կողմերի համար էլ կարեւոր է բանակցությունների ընթացքում հակամարտության կարգավորում ապահովել: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերը, ողջունում ենք բանակցությունները, հուսով ենք` դրական արդյունք կունենանք: Հռետորական արտահայտությունները կապված պատերազմի վերսկսման հետ մեր կողմից չեն ողջունվում: ՆԱՏՕ-ն կողմ է բանակցությունների գործընթացի շարունակմանը եւ հաջող ավարտին:

Հարց. «Մեդիամաքս» լ/գ - պրն. Սիմոնս, ինչպիսի՞ պրակտիկ աջակցություն կարող է ցուցաբերել ՆԱՏՕ-ն Հայաստանի ռազմական դոկտրինի մշակման գործում, մոտ ապագայում այդ աշխատանքը պետք է սկսվի: Պրն. Օսկանյան, այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովը հայտարարել է, որ Հայաստանը մինչեւ աշուն time out է վերցրել բանակցային գործընթացում` ենթադրաբար դիրքորոշումը վերաիմաստավորելու նպատակով: Ձեր վերաբերմունքը այդ հայտարարությանը:

Ռ. Սիմոնս - Համագործակցություն եւ աջակցություն պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, այս ամենը ԱԳԳԾ-ի առանցքային խնդիրներից մեկն է, եւ սա մեր համագործակցության գործընթացի տրամաբանական շարունակությունն է: ՆԱՏՕ-ն համագործակցում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կոնկրետ այդ ոլորտում: Կան նաեւ այլ ոլորտներ` կադրային, բյուջետավորման քաղաքականության մշակման եւ բարեփոխման: ԱԳԳԾ-ում մի շարք ոլորտներում համագործակցության տիրույթներ կան, որոնց ներքո մենք աջակցում ենք պաշտպանության նախարարությանը: Ռազմական դոկտրինը դրա համար լավ հիմքեր է ապահովում եւ մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցության զարգացումը: Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես կարող ենք հաջորդ տարվա ընթացքում զարգացնել այդ ոլորտը, եւ համագործակցությունը Ծրագրում մատնանշված մյուս ոլորտներում: Պաշտպանության դոկտրինը մեր համագործակցության առանցքային կետերից մեկն է:

Վ. Օսկանյան - Ղարաբաղի բանակցություններում Հայաստանը ոչ մի time out չի վերցրել, իր հստակ դիրքորոշումն ունի, բազմիցս ասել ենք, որ այդ փաստաթղթի շուրջ մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները: Բայց Սանկտ-Պետերբուրգում ադրբեջանական կողմից արդեն նախնական նշաններ երեւում էին որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու, կարծում եմ` Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է նախահարձակ լինել ինչ-որ մեղավորներ գտնելու առումով:

Հարց. - Կխնդրեի առավել մանրամասն ներկայացնեիք` որոնք են ԱԳԳԾ հետագա գործնական քայլերը: Երկրորդ` պրն. Օսկանյան, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայում հակահրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ:

Ռ. Սիմենս - ԱԳԳԾ-ն չորս խնդրից է բաղկացած: Առաջինը քաղաքական երկխոսությանն է վերաբերում: Մենք ցանկանում ենք երկխոսությունը շարունակել, դրա շրջանակում ներքին զարգացումներն են, մենք գոհունակությամբ նշեցինք անցկացված ընտրությունների հաջողությունը, ակնկալում ենք, որ հաջորդ ընտրությունները նույն հաջողությամբ տեղի կունենան: Երկրորդ գլխում արծարծվում է պաշտպանության ոլորտի բարեփոխման խնդիրը: Այնտեղ նշված են մի քանի նպատակներ, որոնք արդեն իսկ իրագործվել են. ռազմավարական դոկտրինի մշակումը, նախարարության կադրային քաղաքականությունը` քաղաքացիական անձնակազմի ներգրավումը, բյուջետավորման նոր համակարգը: Այդ ամենը, ինչով ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Հայաստանին: Երրորդ գլխում խոսվում է արտակարգ իրավիճակների պլանավորման մասին, մենք շատ լավ թիմ ունենք, որ ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումից ժամանեց Հայաստան, օգնեց հիմնադրել ճգնաժամային կենտրոն` քաղաքացիական բնույթի եւ ոլորտի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունն ապահովելու համար: Այսօր հանդիպելու եմ Արտակարգ իրավիճակների վարչության տնօրենի հետ, պետք է քննարկենք այս համագործակցության ծրագիրը: Այսինքն` համագործակցությունը Հայաստանի հետ բավական ընդգրկուն է եւ անդրադառնում է ՆԱՏՕ-ի փորձագիտությանը բոլոր ոլորտներում: Մենք մշակել ենք համապատասխան ծրագրեր եւ կաշխատենք այդ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ` ի բարօրություն Հայաստանի: Վերջին գլուխն առավել ինստիտուցիոնալ բնույթ ունի, դրա շրջանակում միջգերատեսչական համակարգ է ստեղծվելու եւ դա բավական դրական զարգացում է, որ դուք լավ հանձնաժողով ստեղծեցիք ներգրավված կառույցներից, գործակալություներից, նախարարություներից եւ մենք հայցում են հետադարձ կապ:

Վ. Օսկանյան.- Եվրոպայում` Չեխիայում, Լեհաստանում, հրթիռային համակարգ տեղադրելու խնդիրը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի խնդիրն է, բայց երբ խոսքը մեր պարածաշրջանի մասին է, այդ խնդիրների համար Ադրբեջանի տարածքի հնարավոր օգտագործման, մեր հետաքրքությունն առավել է առաջանում, քանի որ խոսքը Կովկասին է վերաբերում: Մեզ մոտ հարցեր են ծագում, թե դա ինչպես կարող է քաղաքական եւ անվտանգության հարցերում հավասարակշռության վրա ազդել: Այդ պատճառով էլ այսօր պրն. Սիմոնսի հետ այդ հարցը բարձրացրել եմ` տեսնելու, թե որն է ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Նա ներկայացրել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, որը վերջերս արտահայտեց Գլխավոր քարտուղարը, երբ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն իր անձնական գնահատականն է տալու այդ ամբողջ խնդրին եւ դրանից հետո եզրակացությունների է հանգելու, թե այդտեղ ամերիկացիների կողմից առաջադրված համակարգը համահունչ է նրանց գնահատականներին, թե ոչ: Այդ շրջանակում էր այսօրվա մեր քննարկումը:

Հարց. Հ2 հ/ը - Պրն. նախարար, վերջերս ԼՂ արտգործնախարարը մասնակցեց չճանաչված պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որքանո՞վ այս ձեւաչափն ապագա ունի, եւ առհասարակ, ի՞նչ կարելի է սպասել սրանից:

Վ. Օսկանյան - Այդ թյուրիմացությունը, կարծեք թե, դեռեւս շարունակվում է, որովհետեւ դու ասացիր ԼՂ արտգործնախարարը. արտգործնախարարը մասնակցություն չի ունեցել, մասնակցել է Արման Մելիքյանը` խորհրդականի կարգավիճակով եւ մասնակցել է ոչ թե որպես կողմ, այլ որպես դիտորդ: Այնպես որ, մասնակցությունը եղել է ինչպես նախկին հանդիպումներում, որակական փոփոխություն չի եղել, որովհետեւ եւ Հայաստանի քաղաքականությունն այս հարցում, եւ ԼՂ-ի` այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարբերվում է մյուսներից, եւ պետք չէ բոլորը մի կոնտեքստի մեջ դիտարկել, միջազգային հանրությունը այդպես էլ ընկալում է ԼՂ հարցը: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, եւ այդ հանդիպման մեկնաբանությունները պետք է այդ կոնտեքստի մեջ արվի` հաշվի առնելով, որ մասնակցության մակարդակն այնտեղ տարբեր է եղել:

Հարց. «Ա1+» լ/գ - Պրն. Օսկանյան, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո որոշ քաղաքագետներ, մասնավորապես, Ստեփան Գրիգորյանը, հայտարարեցին, որ հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխվի, առավել ընդլայնվի. նկատի ունենալով բացի Ղարաբաղից մասնակիցների թվի ավելանցում: Հայտարարել էր նաեւ, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է հանրաքվեի գաղափարից: Այդ տեսակետը համապատասխանու՞մ է իրականությանը:

Վ. Օսկանյան - Առաջին մասի հետ կապված կարող եմ միանշանակ ասել, որ նման հարց չի քննարկվել, ֆորմատը փոխելու, ընդլայնելու հարց չկա, բայց ԼՂ մասնակցության հարցը միշտ էլ եղել է: Ղարաբաղի մասնակցությամբ չի նշանակում, որ ֆորմատը փոխվում է, կամ ընդլայնվում, հակառակը` նշանակում է, որ մենք վերադառնում ենք հիմնական ֆորմատի, քանի որ սկզբնական փուլում, մինչեւ 96 թվական, 97-ի մարտ ամիս ԼՂ-ն մասնակցել է Մինսկի խմբի գործընթացներին: Ինչ վերաբերում է բովանդակությանը, այս պահին կխուսափեի որեւէ մանրամասն տալ, բայց արդեն ասացի, որ Ադրբեջանի կողմից, համենայն դեպս, նկատվում են հստակ դիրքորոշումների փոփոխություն, որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու միտում, դրա նախնական նշանները Սանկտ- Պետերբուրգում սկսել են երեւալ: Պետք է սպասել, եւ Ադրբեջանի հետագա քայլերից դատել, ինչ-որ եզրակացությունների հանգել, թե դա ինչ միտում է` կոշտացման, քաղաքականության փոփոխության: Այսօր մի քիչ վաղ է եզրակացությունների հանգելը: Համենայն դեպս, նման տենդենցներ մեր կողմից սկսել են նկատվել:

Տպել էջը