Ֆրանսիայի Կլյունի քաղաքում «Հայաստանի լույսը» ցուցահանդեսի բացմանը վերաբերյալ

18 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Կլյունիի քաղաքապետ Ռոբեր Ռոլանը հանդիսավորապես բացեցին «Հայաստանի Լույսը» ցուցահանդեսը Կլյունիի հռչակավոր Աբբայությունում, որը դարեր ի վեր եղել է Եւրոպայում քրիստոնեական ամենահեղինակավոր կենտրոններից մեկը։

Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական եկեղեցու պատմության այնպիսի լուսավոր անունների, ինչպիսիք են Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը եւ այլոք: Ցուցադրված են Երեւանի Մատենադարանից, Հայաստանի պատմության եւ Սբ Էջմիածնի թանգարաններից բերված ձեռագիր մատյաններ եւ պատմական արժեքավոր իրեր:

Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման արարողությանը՝ Հայաստանի դեսպանը առանձնահատուկ գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ հայ ժողովրդի ողջ պատմությունը եւ մասնավորապես քրիստոնեական հատվածը լայնորեն ներկայացվել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում. «Սուրբ Հայաստանը» Լուվրում, «Հայ գրերի կախարդանքը» Մարսելի Վիեյ Շարիտեում, «Հայաստանի ոսկին ու գանձերը» Լիոնում, «Հայոց Գանձերը» Վանդեում եւ այլն։

«Հայաստանի Լույսը» ցուցահանդեսը եւս մի առիթ կհանդիսանա նորովի արժեւորելու հայ ժողովրդի մշակույթն ու հոգեւոր նվաճումները եւրոպական ընդհանուր արժեքային համակարգում», նշեց դեսպանը։

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2007թ. սեպտեմբերի 30-ը։

Տպել էջը