ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Կովկասյան-կասպյան հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

14 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասյան-կասպյան հանձնաժողովի փաստահավաք պատվիրակության անդամներին:

Ներկայացնելով հանձնաժողովի գործունեությունը` պատվիրակության անդամ Ջորջ Ռեյդը (2003-2007թթ. Շոտլանդիայի խորհրդարանի նախագահ, 1988-89թթ. Հայաստանում Միջազգային Կարմիր խաչի պատվիրակության ղեկավար) նշեց, որ այն քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել սեւծովյան տարածաշրջանի եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցությանը, ներկայացնել նոր նախաձեռնություններ տարածաշրջանային համագործակցության ծավալման համար: Հանձնաժողովի նախագահն է Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը:

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ընթացքը` շեշտը դնելով ղարաբաղյան հիմնահարցի վրա:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային համագործակցությանը խոչընդոտող հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովը հանդես եկավ ս.թ. աշնանը կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հարավային Կովկասի երեք պետությունների ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ:

Հանդիպման վերջին հյուրերը տեղեկացրեցին, որ հանձնաժողովը հրապարակելու է զեկույց, որը կենտրոնանալու է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հիմնախնդիրներին, տարածաշրջանային համագործակցությանը, միջազգային համագործակցության կազմակերպություններում, մասնավորապես Եվրոպական Միությունում ներգրավվածությանն առնչվող հարցերի վրա:

Տպել էջը