Բուրգ-լը-Վալանսում «Հայաստանի անկախության 15-ամյակը» լուսանկարչական ցուցահանդեսի բացման վերաբերյալ
13 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 11-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ, Սենատի Ֆրանս-հայկական բարեկամության խմբի նախագահ Բեռնար Պիրասը (Bernard PIRAS) քաղաքապետարանի սրահում բացեցին «Հայաստանի անկախության 15-ամյակը» լուսանկարչական ցուցահանդեսը:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված այս խոշոր լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նաեւ Ազգային ժողովի անդամ Պատրիկ Լաբոնը, Ռոն-Ալպ շրջանի եւ Դրոմ նահանգի տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ֆրանսահայ միությունների ներկայացուցիչներ:
«Այս 15 տարին խտացումն է իր անկախությունը վերագտնելու մեր ժողովրդի դարավոր իղձերի, պայքարի եւ նվաճումների, եւ մեր վարպետ լուսանկարիչները՝ Մարտին Շահբազյանը եւ մյուսները օր-օրի ակնդետ հետեւել են այդ պատմական իրադարձություններին եւ դրանք դրոշմել պատմության համար», իր ողջույնի խոսքում ասաց դեսպան Նալբանդյանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Բուրգ-լե-Վալանսի քաղաքային, Ռոն-Ալպի շրջանային եւ Դրոմի նահանգային իշխանություններին, որոնք իրենց նախաձեռնություններով զգալի նպաստ են բերել Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջողությանը: