Դեսպան Վահագն Մելիքյանի Քուվեյթի Պետության էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին հավատարմագրերի հանձնման վերաբերյալ

11 հունիսի, 2007

Ս.թ. հունիսի 5-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ համատեղության կարգով հավատարմագրվելով որպես Քուվեյթում ՀՀ դեսպան:

Դեսպան Մելիքյանը Քուվեյթի Պետության Էմիրին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին փոխանցեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:

Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում շեյխ Սաբահն անդրադարձավ փոքր պետությունների, այդ թվում Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունների սերտացման եւ համագործակցության խորացման անհրաժեշտությանը արդի միջազգային հարաբերությունների ենթատեքստում: Այս առումով նա կարեւորեց նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել վերոհիշյալի իրականացմանը:

Նա բարձր գնահատեց նաեւ Քուվեյթի հայկական համայնքի դերը պետության բարգավաճման եւ պետական շինանարության գործում: Հայերին որակելով որպես Քուվեյթի օրինապաշտ քաղաքացիներ, նա մասնավորապես նշեց, որ հայերը միմիայն դրական գնահատանքի են արժանացել ինչպես Քուվեյթի ժողովրդի, անպես էլ կառավարության կողմից, միաժամանակ հիշատակելով մի քանի հայերի անուններ, որոնց հետ անձնական ջերմ հարաբերություններ է ունեցել:

Դեսպան Մելիքյանն իր հերթին Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց տեղի հայերի նկատմամբ ցուցաբերած ջերմ եւ դրական վերաբերմունքի համար:

Տպել էջը