ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի Բրազիլիա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ

06 հունիսի, 2007

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, եզրափակելով իր Լատինամերիկյան տարածաշրջանային աշխատանքային այցը, ս.թ. հունիսի 2-4-ը այցելեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն:

Հունիսի 4-ին փոխարտգործնախարարը եւ նրան ուղեկցող Սան Պաուլոյոմ ՀՀ գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը ժամանեցին Բրազիլիայի մայրաքաղաք, ուր պատվիրակությանն ընդունեց Բրազիլիայի Պատգամավորների Պալատի նախագահ Առլինդո Քինալիան: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաեւ երկու խորհրդարաններում պատգամավորական բարեկամության խմբերի վերաստեղծման հարցը որպես լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Բարեկամական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվեց երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերընթաց բնույթը, կարեւորվեց բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների հանգամանքը: Այնուհետեւ պրն. Կիրակոսյանը անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնահարցերին, տարածաշրջանային խնդիրներին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության անունից գոհունակություն հայտնելով Սան Պաուլոյի նահանգի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ այն դատապարտող համապատասխան բանաձեւի ընդունման փաստի առնչությամբ:

Արման Կիրակոսյանի հաջորդ հանդիպումը կայացավ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, ԱԳ նախարարի միջազգային առեւտրի խրախուսման եւ համագործակցության հարցերով տեղակալ Ռույ Նունյես Պինտո Նոգեյրայի հետ: Պրն. Կիրակոսյանը համառոտ ներկայացրեց իր Արգենտինա եւ Ուրուգվայ կատարած այցերի արդյունքները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց նաեւ Բրազիլիայում ՀՀ դեսպանություն հիմնելու կարեւորությանը:

Նոգեյրայի խնդրանքով, ՀՀ փոխարտգործնախարարը ներկայցրեց ԼՂ շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ընդգծելով ՀՀ նախագահի 2002 թվականին Բրազիլիա կատարած պաշտոնական այցի կարեւորությունը, հայտնեց հայկական կողմի պատրաստակամությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվայի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցը կազմակերպելու ուղղությամբ: Նոգեյրան, իր հերթին, հայտնեց բրազիլական կողմի մտադրությունը Բրազիլիայի նախագահի այցը 2008 թ.-ի ընթացքում իրականացնելու վերաբերյալ:

Նախորդ օրը, Սան Պաուլոյում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ծաղկեպսակ զետեղեց 1915 թ. Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելեց Սբ. Գեւորգ Հայ Առաքելական Առաջնորդանիստ Եկեղեցի եւ Առաջնորդարանում հանդիպեց Սան Պաուլոյի հայկական կառույցների ղեկավարության հետ: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ համագաղութային միջոցառում, ուր Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով, ինչպես նաեւ պատասխանեց մի շարք հարցերի:

Տպել էջը