Չիլիում Սենատի կողմից ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշման ընդունման վերաբերյալ
06 հունիսի, 2007Ս.թ. հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունեց որոշում, որով կոչ է անում երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործած ցեղասպանությունը: Որոշման նախագծի հեղինակն է Սենատի անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսը (Սոցիալիստական կուսակցություն):Փաստաթղթում մասնավորապես ասվում է.
Հարգարժան Սենատը
Նկատի ունենալով,
1. որ 1915թ. ապրիլի 24-ին Թուրքական կայսրության այն ժամանակների մայրաքաղաք Կոնստանդնապոլսում առանց դատավարության ձեռբակալվեց եւ անհետ կորավ հայ համայնքի ամբողջ ղեկավարությունը, ինչով սկիզբ դրվեց կայսրության իշխանությունների կողմից այդ ժողովրդի նկատմամբ բնականոն բնաջնջման քաղաքականությանը,
2. որ 1915-1923թթ. ընթացքում դաժանորեն իրագործված ցեղասպանության հետեւանքով, Կայսրության ավելի քան 1.5 մլն. ազգությամբ հայ հպատակներ, որոնք հազարամյակներ շարունակ բնակվում էին իրենց նախնիների հողերում, զրկվեցին կյանքից,
3. որ այս զարհուրելի արարքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին "Էթնիկ զտումը", եւ շատ ավելի առաջ, քան նման արարքներն իրավաբանական ձեւակերպում ստացան, արձանագրեց այս ժողովրդի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման փաստը,
4. որ հակառակ մարդկության հավաքական հիշողությունից այն ջնջելու ճիգերին եւ մեծ տերությունների կողմից կատարվածի նկատմամբ զգայուն մոտեցման բացակայությանը, հայերը եւ աշխարհով սփռված հայկական կազմակերպությունները համարաշխային հանրության կողմից արժանանում են այդ ցեղասպանության ճանաչմանը, որի զոհերն են իրենք հանդիսանում,
5. որ 1985թ.-ին այն ճանաչվեց նաեւ ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման եւ փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից, որը հայերի հետ կատարվածը որակեց որպես ցեղասպանություն,
6. որ նույնպես են վարվել նաեւ Ուրուգվայը, Արգենտինան, Հունաստանը, Բուլղարիան, Ռուսաստանը, Իտալիան, Լիբանանը, Շվեդիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Վենեսուելան, Լիտվան, Կանադան եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Ժողովուրդների մշտական դատարանը,
7. որ մեր երկիրը դեռեւս այդպես չի վարվել, հակառակ իր մշտական հավաստումներին առ այն, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների սկզբունքը գերակայում է որեւէ համաձայնագրի կամ պարտավորության նկատմամբ,
8. որ հետեւաբար, Չիլիի էթիկական եւ բարոյական պարտքն է համապատասխան քայլեր ձեռնարկել, որոնք բխում են ՄԱԿ-ի 1985թ. որոշումից եւ որի համաձայն Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Հայաստանում իրականացվել է դաժան ցեղասպանություն մի անպաշտպան ժողովրդի նկատմամբ, որը միջազգային հանրությունից եւ հատկապես թուրքական պետությունից բարոյական փոխհատուցում է պահանջում:
Հաշվի առնելով վերոհիշյալը, Հանրապետության Հարգարժան Սենատը որոշում է.
1. Զորակցել հայ ժողովրդին, դատապարտելով նրա նկատմամբ իրագործված ցեղասպանությունը եւ
2. Դիմել Չիլիի կառավարությանը ՄԱԿ-ի 1985թ. որոշմանը միանալու առաջարկությամբ: