ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի հանդիպման վերաբերյալ
05 հունիսի, 2007Ս. թ. հունիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսին (Miguel Angel Moratinos):
Հանդիպման սկզբին, ողջունելով ԵԱՀԿ իսպանական նախագահության այցը Հայաստան, նախարար Օսկանյանը նշեց, որ այն կնպաստի Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության առավել զարգացմանն ու կարեւոր խթան կհանդիսանա համագործակցության ընդլայնման հարցում:
Կողմերն անդրադարձան ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին: Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրեց նախօրեին Ադրբեջանում կայացած հանդիպումների տպավորությունները եւ վերահաստատեց կազմակերպության պատրաստակամությունը` աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը:
Այնուհետեւ ներկայացվեց ԵԱՀԿ 2007թ. օրակարգը, նշվեց կազմակերպության անելիքները առաջնային երեք` մարդկային, ռազմաքաղաքական եւ տնտեսական-բնապահպանական հարթություններում: Նախարար Մորատինոսն ընդգծեց, որ վերջին տարիները բնութագրվում են նշյալ երեք չափումների հարաճուն փոխազդեցությամբ:
Նախարար Օսկանյանը նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է ԵԱՀԿ-ի հետագա ինստիտուցիոնալ ամրապնդմամբ ու զարգացմամբ: Անդրադարձ եղավ նաեւ ԵԱՀԿ բարեփոխման խնդրին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին` մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքին: Իսպանիայի ԱԳ նախարարը շնորհավորեց Հայաստանի գործընկերոջը` ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացման կապակցությամբ:
Կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ հարցեր: Ընդգծվեց երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնադրման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Իսպանիայի արտգործնախարարը հայտնեց 2008-ին Հայաստանում դեսպանություն բացելու մտադրության մասին: Ի պատասխան, նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը ծրագրում է առաջիկայում հանդես գալ փոխադարձ նախաձեռնությամբ:
Նախարարները պայմանավորվեցին առանձնահատուկ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում:
Հանդիպման վերջին նախարար Մորատինոսը հրավիրեց ՀՀ արտգործնախարարին պաշտոնական այց կատարել Իսպանիա: