ՀՀ ԱԳ նախարար Վ Օսկանյանի եւ Իսպանիայի թագավորության ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի համատեղ մամուլի ասուլիսը
05 հունիսի, 2007Վ.Օսկանյան - Այս այցին մենք իհարկե երկկողմ նշանակություն էլ ենք տալիս, բայց այցը հիմնականում կենտրոնանում է ԵԱՀԿ խնդիրների վրա, եւ հատկապես` Լեռնային Ղարաբաղի հարցի, եւ այսօրվա մեր հանդիպման օրակարգն էլ ընդգրկել է հենց այդ երեք թեմաները: Մի փոքր խոսել ենք երկկողմ հարաբերությունների խթանման, զարգացման մասին, եւ այնտեղ բավական լուրջ հեռանկարներ կան իսկապես:
Երկրորդը, առհասարակ ԵԱՀԿ-ի հարցերն են, եւ, իրոք, այսօր բավական ընդգրկուն եւ հագեցած օրակարգ կա Իսպանիայի նախարարի առաջ, եւ ինքը այդ բոլոր հարցերով զբաղվում է` սպառազինություններից մինչեւ ԵԱՀԿ բարեփոխումները եւ նաեւ ԵԱՀԿ խարտիայի ընդունման հարցը: Արդեն սկսվել են Մադրիդում հերթական ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այդ հարցերի մասին մենք խոսել ենք, եւ նաեւ ես մեր ներգրավածությունն եմ վերահաստատել` նպաստելու այդ օրակարգի մշակմանը եւ խնդիրների լուծմանն ու իրականացմանը:
Եւ, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս այցելությունը տեղի է ունենում նախագահների հաջորդ հանդիպման նախաշեմին, այդ իմաստով էլ առավել կարեւորվում է: Նախարարը գալիս է Բաքվից, մեր հանդիպման ընթացքում ներկայացրեց իր տպավորությունները Բաքվի հանդիպումներից եւ ես, իհարկե, ներկայացրեցի խնդրի հետ կապված մեր ակնկալիքները, մեր դիրքորոշումները, եւ հատկապես` այսօր սեղանի վրա գտնվող փաստաթղթի նկատմամբ: Երկուստեք հույս հայտնեցինք , որ կոմպրոմիսի ոգով տեղի կունենա հաջորդ հանդիպումը եւ հնարավոր կլինի այդ հանդիպումից հետո լրացուցիչ տեղաշարժ արձանագրել, որը հնարավորություն կբացի առավել արագ տեմպերով առաջ շարժվելու` խնդիր ունենալով հասնել հարցի կարգավորմանը:
Միգել Անխել Մորատինոս - Բարեւ ձեզ: Ինձ համար մեծ գոհունակություն է այցելել Հայաստան, գտնվել Երեւանում: Սա իմ առաջին այցն է, ինչպես ասաց պարոն նախարարը: Սա պատմական օր է հայ-իսպանական հարաբերությունների համար, հանդիպել եմ նախարարին եւ այս հյուընկալության համար ես շատ շնորհակալ եմ: Վարչապետին, պրն.նախագահին եմ հանդիպելու, նաեւ ես ոչ միայն որպես Իսպանիայի ԱԳ նախարար եմ այցելում Հայաստան, այլ նաեւ որպես ԵԱՀԿ նախագահող, որի ակտիվ մասնակից անդամ է Հայաստանը: Հայաստանի պատվիրակությունը (ԵԱՀԿ-ում) մեծ նախաձեռնություններ է ունենում կազմակերպությունում:
Մենք վերջերս ականատես ենք եղել ընտրական մի գործընթացի, շնորհավորում ենք արտգործնախարարին, ինչպես նաեւ ամբող բնակչությանը, որովհետեւ շատ հաջող են անցել այդ ընտրությունները, եւ դրական գնահատական է ունեցել այս ընտրությունը ԵԱՀԿ կողմից, քանի որ ժողովրդավարական երաշխիքներ են ներկայացվել եւ սա կնպաստի անպայման դեմոկրատական գործընթացի զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ հաջորդ նախագահական ընտրությունները նույն ոգով տեղի կունենան այստեղ:
Մենք ԵԱՀԿ օրակարգի, նախագահության մասին ենք խոսել, ես քաղաքական հետեւյալ հաղորդագրությունն եմ ուզում հայտնել ձեզ: Ես Բաքվից նոր եմ վերադարձել , նախագահի եւ արտգործնախարարի հետ եմ հանդիպել, եւ նույնպիսի խոսակցություն եմ վարել Հայաստանի արտգործնախարարի հետ, եւ կարծում եմ, որ երկու կողմերը պետք է օգտվեն այս կարեւոր պահից, որպեսզի տեղաշարժ հաստատվի այս հակամարտության կարգավորման գործում: Մինսկի խումբը եւ ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի նպաստեն եւ խրախուսեն երկու կողմերին, որպեսզի այս լուծմանը հասցվի: Կարծում ենք, որ բավարար հիմք կա, որ առաջ գնան այս հարաբերությունները, կարծում ենք, որ հաջորդ հանդիպմանը դրական տեղաշարժ կլինի: Հակամարտությունների կարգավորման գործընթացներում միշտ կան դրական եւ բացասական պահեր, բայց կարծում ենք, որ այս խոսակցությունները եւ երկխոսություները կնպաստեն, որպեսզի վերահաստատվի երկու կողմերի դիրքորոշումներն ու բարի ցանկությունները: Եվ սա կնպաստի, նաեւ, որ երրորդ կողմերը օգնեն, որպեսզի այս կարգավորումը ավելի արագ ձեւով շարժվի: ԵԱՀԿ-ն իր մանդատով ամեն ինչ կանի, որպեսզի նպաստավոր լուծում գտնվի այս հարցին:
Հարց. (Հանրային ռադիո) - Մեկական հարց արտգործնախարարներին, նախ` ԵԱՀԿ գործող նախագահին: Պարոն նախագահ, Դուք այսօր ԵԱՀԿ գործող նախագահն եք, որը 1994 թ. հակամարտության մեջ ճանաչել է երեք կողմ, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղը, եւ այսօր, ինչպես հաղորդագրություն էր տարածել Հայաստանի ԱԳՆ-ն, Դուք պատրաստվում եք նաեւ ԼՂ նախագահի հետ հանդիպել: Կցանկանայինք իմանալ, ի՞նչ հարցեր եք քննարկելու, մասնավորապես ԼՂ նախագահի հետ, հաշվի առնելով , որ ԼՂ-ն, ըստ էության, ներգրավված չէ այսօր ընթացող երկկողմ բանակցություններում: Եվ պարոն Օսկանյան, Ձեզ եմ ուզում հարց ուղել: Միջնորդները լավատես են Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումից, արդյոք կիսու՞մ եք դուք այդ լավատեսությունը:
Միգել Անխել Մորատինոս - Ես պաշտոնական այցով եմ գտնվում Հայաստանում, եւ, բնակաբար, ես հանդիպելու եմ ԼՂ ներկայացուցիչների հետ, կարեւորը խրախուսելն է հայկական եւ ադրբեջանական կողմերին, որպեսզի արագ տեղաշարժ լինի այս հարցի լուծմանը, եւ, անշուշտ, կարգավորվի Ղարաբաղի քաղաքացիների իրավիճակը: Մենք անշուշտ ոչ պաշտոնական կերպով ամեն բան կանենք, որպեսզի խրախուսենք այս հարաբերությունների կարգավորմանը:
Վ.Օսկանյան - Նախագահների ցանկացած հանդիպում ակնկալություններ է միշտ առաջ բերում: Եթե նախագահների հանդիպում տեղի ունենում է, նշանակում է, որ այդ հանդիպման համար համապատասխան հիմքեր կան եւ, որովհետեւ, վերջնական որոշումները նախագահների մակարդակով են տեղի ունենում, դրա համար էլ` այդ ակնկալիքները միշտ պետք է ունենալ: Ինչքան է հավանականությունը լուրջ առաջընթաց արձանագրելու` ես դժվարանում եմ ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարների աշխատանքի արդյունքում որոշակի հիմք կա նախագահներին որոշումներ կայացնելու: Եթե լինի համաձայնություն` առաջընթաց կունենանք, եթե չէ` պետք է շարունակել աշխատանքները նորից նախարարների մակարդակով:
Հարց.- (Հանրային ռադիո) Ինչպե՞ս կբնորոշեք Հարավային Օսիայում տեղի ունեցող իրավիճակը:
Միգել Անխել Մորատինոս - Ինչի՞ հետ կապված: Ջրի մատակարարման հետ կապվա՞ծ, թե` ընդհանրապես:
Հարց. -Ընդհանրապես:
Միգել Անխել Մորատինոս - Սա չկարգավորված հակամարտություններից մեկն է, որի համար ԵԱՀԿ-ն փորձում է լուծում գտնել, եւ նպաստել լուծմանը, բայց շատ աշխատանք է պահանջվում, հատկապես` դիվանագիտական ուղիներով: Նույն վիճակում չենք գտնվում, ինչպես Ղարաբաղի դեպքում: Մենք ամեն ինչ պետք է անենք, նախագահությունը ամեն ինչ անում է, որպեսզի ուղիներ գտնի այդ հակամարտության կարգավորման համար:
Հարց. -Իմ հարցը ուղղում եմ պարոն Մորատինոսին: 1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտավ ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ շրջանակներում կնքված, փաստորեն, միակ համաձայնագիրը , որը վերաբերվում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Սակայն այդ միակ համաձայնագիրը, որը կնքվել է ԵԱՀԿ շրջանակներում եւ վերաբերվում է ղարաբաղյան կարգավորմանը` այդպես էլ չի կատարվում, որովհետեւ շփման գծի վրա շարունակում են զոհվել զինծառայողներ: Արդյոք ինչ-որ քայլեր կձեռնարկվե՞ն մոտակա ժամանակ, որպեսզի այդ համաձայնագիրը, համենայն դեպս, կատարվի: Շնորհակալություն:
Միգել Անխել Մորատինոս - Այս համաձայնագիրը ի գործ դնելու ամենալավ ձեւը այս բանակցությունների առաջխաղացումն է, որպեսզի այս հարցի լուծումը գտնվի: Մենք չպետք է նայենք դեպի անցյալ, պետք է միայն դեպի ապագա նայենք, մենք հույսով եւ լավատեսությամբ պիտի լցվենք միայն: Մենք հույսի եւ զգուշության եւ քաղաքական կոմպրոմիսի հիման վրա պետք է շարժվենք ապագայում:
Հարց (Իսպանիա) . - Ես Հայաստանի արտգործնախարարին եմ իմ հարցն ուղղում: Ո՞րն է բառացիորեն այն կարմիր գիծը, որ գոյություն ունի այս հակամարտության կարգավորման համար, ամենավիճելի հարցերը:
Վ.Օսկանյան. - Ես կարող եմ մեզ համար կարմիր գծերի մասին խոսել, դա առաջին հերթին ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է: Առանց ինքնորոշման իրավունքի հաստատման հստակեցմանն ու դրա ամրագրմանը հետագա փաստաթղթում, հնարավոր չէ որեւէ այլ հարցի մասին խոսել կամ պայմանավորվել, որովհետեւ պետք չէ մոռանալ, որ այդ կոնֆլիկտը սկսել է հիմնականում ԼՂ ինքնորոշման հարցի պատճառով: Սա ԼՂ ինքնորշման խնդիր է, բոլոր մյուս հարցերը, որ հետագայում են ծագել, հետեւանք են Ադրբեջանի կողմից նախաձեռնած քայլերի` պատերազմի սկսելուն, ինքնորոշման խաղաղ կոչերի ռազմական ճանապարհով ճնշմանը: Այնպես որ, մենք պետք է կարողանանք կենտրոնանանք հիմնական հարցի վրա, եւ դա ԼՂ կարգավիճակն է: Իսկ այօրվա պայմաններում այդ կարգավիճակի հարցը միայն ու միայն հնարավոր է լուծել ճանաչելով եւ հնարավորություն տալով ԼՂ ժողովրդին ինքնորոշվելու: Եթե սա ամրագրվում է, ես կարծում եմ , որ մնացած խնդիրները իրենց լուծումները անպայման կգտնեն:
Հարց.- («Ազգ») Հարցս ուղում եմ ԵԱՀԿ գործող նախագահին: Կարծես թե, հավատալով ադրբեջանական լրահոսին, Բաքվում հայտարարել եք, որ կողմերը բավականին մոտ են հարցի լուծմանը: Եթե կարելի է, ի՞նչ ասել է բավականին մոտ, եւ ինչի՞ն են մոտ իրականում:
Միգել Անխել Մորատինոս - Ինչը, որ ես նկատել եմ այն է եղել, որ երկու կողմերը քաղաքական կամք են դրսեւորում: Ցանկացած հակամարտություն շատ բարդ է: Բայց հիմնական հարցն այն է, որ պետք է լավատես լինել եւ հույսեր ունենալ, եւ քաղաքական դիրքորոշումները պետք է դրական լինեն երկու կողմերից: Դրա համար է, որ ես ասել եմ, որ լավատեսություն կա երկու կողմերից, դրա համար ես պնդում եմ այս ասածիս վրա: Եվ ես սա երեկ երեկոյան ասել եմ Բաքվում եւ հիմա կրկնում եմ այստեղ Երեւանում: Դրա համար ավելի լավ է լավատեսական քաղաքական կամքով հասնել այս բանակցություններին, բայց պետք չէ կեղծ կանխատեսումներ անել: Պետք է շարունակել աշխատել եւ դրական լուծում գտնել: Եվ իրավիճակը ճանաչելով, պետք է փորձել լավատես լինել:
Հարց /Իսպանիա/. - Իսպանիան Եվրամիության աջակցությունն է ընդունել, երբ որ ETA հրադադար հայտարարեց: Դուք կարծու՞մ եք, որ Եվրախորհրդի ժամանակ նույնպիսի աջակցություն կլինի Իսպանիային:
Միգել Անխել Մորատինոս - Ես չեմ ուզում այստեղ խոսել ETA-ի հարցի մասին: Դրանով է զբաղվում Մադրիդի մեր կառավարությունը, եւ ոչ մի այլ խոսակցություն չի լինի հիմա ETA մասին: