ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանի եւ Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հանդիպման վերաբերյալ

05 հունիսի, 2007
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանի եւ Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հանդիպման վերաբերյալ

Ս.թ. հունիսի 4-ին ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Բրայան Ֆոլին (Brian Fall)` վերջինիս նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ խնդիրներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` հունիսի 9-ին Ս.Պետերբուրգում կայանալիք հանդիպումից սպասվող արդյունքներին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր:

Պրն. Ֆոլը կարծիք հայտնեց, որ կողմերի միջեւ բանակցվող փաստաթուղթը խիստ իրատեսական հնարավորություններ է ընձեռում համաձայնության հասնելու առումով: Հղում կատարելով G-8 խմբի արտգործնախարարների մայիսի 30-ի Պոտսդամյան հայտարարությանը, նա շեշտեց, որ միջազգային հանրությունն ակնկալում է լուրջ առաջընթաց բանակցություններում:

ՄԹ ներկայացուցչի համոզմամբ, ԼՂ հակամարտության կարգավորումը անխուսափելիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի որպես քաղաքական միավորի ձեւավորմանը, միասնական տնտեսական առաջընթացի հսկայական խթանմանը:

Պրն. Ֆոլին ներկայացվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մանրամասները, ընթացիկ իրականացվող եւ առաջիկա ծրագրերը:

Տպել էջը