ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի Ուրուգվայ կատարած աշխատանքային այցի վերաբերյալ

04 հունիսի, 2007

Ս.թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Լատինամերիկյան տարածաշրջան աշխատանքային այցի շրջանակում Ուրուգվայում էր գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Մայիսի 31-ին սկսվեցին երկկողմ քաղաքական խորհրդատվությունները Հայաստանի եւ Ուրուգվայի արտաքին գերատեսչությունները ներկայացնող պատվիրակությունների միջեւ:

Ուրուգվայական կողմը ներկայացնում էին ԱԳ փոխարտգործնախարար Բելելա Էրերան, ԱԳՆ համապատասխան վարչությունների ղեկավարները: Քննարկվեց ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրագործման ընթացքը, ինչպես նաեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունը: Մասնավորապես, կողմերը նպատակահարմար գտան ձեռնամուխ լինել առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի նախապատրաստմանը` շուտափույտ ստորագրման նպատակով:

Նույն օրը պարոն Կիրակոսյանը եւ նրան ուղեկցող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպեցին Ուրուգվայի համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հաջորդ օրն առավոտյան հայկական պատվիրակությանն ընդունեց Ուրուգվայի ԱԳ նախարար Ռեյնալդո Գարգանոն: Քննարկվեցին երկկողմ համագործակցության խնդիրների լայն շրջանակ, բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվեցին հետագա անելիքները: Պարոն Կիրակոսյանը փոխանցեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի իր ուրուգվայցի գործընկերոջն ուղղված հրավերը` ընթացիկ տարում Հայաստան պաշտոնական այց կատարելու վերաբերյալ:

Պարոն Կիրակոսյանի առաքելությունն Ուրուգվայ եզրափակեց հանդիպումը ՈւԱՀ փոխնախագահ, Ազգային Ժողովի նախագահ Ռոդոլֆո Նին Նովոայի հետ, որը բարձր գնահատեց ավանդական բարեկամական կապերը երկու ժողովրդների միջեւ, շեշտեց ուրուգվայահայ համայնքի կարեւոր դերակատարութունը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Կողմերը համաձայնեցին, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության հարաճուն զարգացմանը, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը գտնվում է անբավարար վիճակում:

Պարոն Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ ընթացիկ երկկողմ խորհրդատվությունները նոր լիցք կհաղորդեն երկու երկրների միջեւ համագործակցությանը, այդ թվում` առեւտրատնտեսական ոլորտում:

Տպել էջը