Մադեյրայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի վերաբերյալ

01 հունիսի, 2007

Ս.թ. մայիսի 25-28-ը Մադեյրայում (Պորտուգալիա) կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը, ԽՎ Գլխավոր քարտուղար Ս. Լանի հրավերով, նստաշրջանին մասնակցել է որպես դիտորդ:

Նստաշրջանին առանցքային ելույթներով հանդես են եկել ԽՎ նախագահ Խոսե Լելլոն, Պորտուգալիայի խորհրդարանի փոխնախագահ Գիլլերմե Սիլվան, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոն, Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկին եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:

Հինգ կոմիտեներում` Քաղաքական, Պաշտպանության եւ անվտանգության, Տնտեսության եւ անվտանգության, Գիտության եւ տեխնոլոգիայի, Անվտանգության քաղաքացիական չափման, քննարկման հիմնական թեմաներն էին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունը, Ռուսաստանի ներքին զարգացումները եւ արտաքին քաղաքական մոտեցումները, Կոսովոյի հիմնախնդրի կարգավորումը, ՆԱՏՕ-ԵՄ գործառնական համագործակցությունը, հակահրթիռային պաշտպանության համակարգերը, կլիմայական փոփոխությունները, Վրաստանի տնտեսական եւ քաղաքական վերափոխումը եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները, պետության եւ կրոնի փոխհարաբերությունները Սեւծովյան տարածաշրջանում:

ԽՎ նախագահը, թերեւս առաջին անգամ, հստակորեն հայտարարել է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը: Գոյություն ունեցող հայեցակարգը, որն ընդունվել է 1999թ. լուրջ առաջընթաց էր Դաշինքը հարմարեցնելու հետ սառը պատերազմյան աշխարհի իրողություններին: Սակայն, ըստ նրա, այժմ կարիք կա առաջ շարժվելու: Նոր ռազմավարական հայեցակարգը առավել հստակություն կմտցնի այնպիսի հարցերում ինչպիսիք են անվտանգությանը սպառնալիքների այն շարքը, որոնց Հոդված 5-ի հավաքական պաշտպանության հանձնառությունների շրջանակներում պետք է արձագանք տրվի: Մյուս կարեւորագույն խնդիրները, որոնց պետք է անդրադարձ կատարվի, Դաշինքի աշխարհագրական ընդգրկումն է` անդամության եւ գործընկերության առումներով, ինչպես նաեւ առավել արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի հետ: Հոոպ Սխեֆերը, համաձայնելով ԽՎ նախագահի դիրքորոշմանը, միաժամանակ հստակեցրել է, որ մի շարք անդամ երկրներ առայժմ վստահ չեն նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտության առումով:

Նստաշրջանի բացասական դրսեւորումներից էր դիրքորոշումների սուր հակադրությունը Ռուսաստանի եւ Դաշինքի անդամ պետությունների միջեւ: Դա արտահայտվում էր Վրաստանին միանշանակ աջակցության առումով, Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման, Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման հարցերում:

Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիրը քննարկվել է Ն. Բուրջանաձեի ելույթի ենթատեքստում, նաեւ «Տնտեսության եւանվտանգության» կոմիտեում փոխվարչապետ, Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետական նախարար Գ. Բարամիձեի զեկույցի առնչությամբ: Միաժամանակ, Կուրտ Բոդեւիգը (Գերմանիա) «Արեւելք-արեւմուտք տնտեսական համագործակցություն եւ համաձուլում» ենթակոմիտեի շրջանակում պատրաստել էր զեկույց` «Վրաստանի տնտեսական եւ քաղաքական վերափոխումը» թեմայով, որը նախնական քննարկում է անցել: Վրաստանում իրականացվող բարեփոխումները դրվատանքի են արժանանում. իհարկե նշվում են նաեւ գոյություն ունեցող խնդիրները, որոնք պետք է ստանան իրենց լուծումը:

Նիդեռլանդացի պատգամավոր Բերտ Միդդելի «Պետությունը եւ կրոնը Սեւծովյան տարածաշրջանում» զեկույցի նախագծի համապատասխան բաժինը ներկայացնում է Հայաստանում տիրող իրավիճակը: Զեկույցի հեղինակը արդարացիորեն եզրահանգում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ի սկզբանե կրոնական հիմք չի ունեցել: Ադրբեջանական պատվիրակությունը ակտիվ կերպով փորձում էր ապացուցել հակառակը: Զեկույցը կրկին կքննարկվի ս.թ. հոկտեմբերին Ռեյկյավիկում կայանալիք ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում:

Տպել էջը