ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի Արգենտինա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ

31 մայիսի, 2007

Լատինաամերիկյան տարածաշրջան իրականացվող աշխատանքային այցի շրջանակում ս.թ. մայիսի 28-30-ը Արգենտինայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Մայիսի 28-ին Արման Կիրակոսյանին ընդունեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Սիոլին: ԱԳ նախարարի տեղակալ Կիրակոսյանն ԱՀ փոխնախագահին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհակալական ուղերձը` Արգենտինայի Ազգային Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող օրենքի ընդունման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Սենատի նախագահը շեշտեց արգենտինահայ համայնքի կարեւոր դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալտնտեսական եւ մշակութային կյանքում:

Հաջորդ օրն առավոտյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց Արգենտինյան Հանրապետության արտգործնախարար Խորխե Տայանան: Քննարկվեցին երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ամբողջացման եւ Երեւանում ԱՀ դեսպանության բացմանն առնչվող խնդիրներ: Հանդիպումից անմիջապես հետո սկսվեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ: Քննարկվեցին երկկողմ համագործակցության խնդիրների լայն շրջանակ, բազմակողմ համագործակցությանն առնչվող խնդիրներ, հստակեցվեցին հետագա անելիքները:

Մայիսի 30-ին Միջազգային հարաբերությունների արգենտինյան խորհրդի (CARI) դահլիճում փոխարտգործնախարար Կիրակոսյանը հանդես եկավ «Հայաստանի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականությանը» թեմայով դասախոսությամբ, որին ներկա գտնվեցին արգենտինացի եւ օտարերկրյա բազմաթիվ դիվանագետներ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Արգենտինա այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը այցելեց Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակի հուշահամալիր, ինչպես նաեւ հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքային կառույցներում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հաջորդ օրերին կայցելի նաեւ Ուրուգվայ եւ Բրազիլիա:

Տպել էջը