Լոռու մարզի պատվիրակության Վրաստան կատարած այցի վերաբերյալ
30 մայիսի, 2007Ս. թ. մայիսի 25-29-ը Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն է այցելել Լոռու մարզի պատվիրակությունը, որի կազմում էին Լոռվա մարզի փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, նաեւ մարզի մշակույթի գործիչներ եւ գործարարներ: Մայիսի 27-ին պատվիրակությանն են միացել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ դեպանության այլ աշխատակիցներ:
Մարզի պատվիրակությունը ժամանել է Աջարիա` ս.թ. մայիսի 28-ին Կոբուլեթիում Ալավերդին եւ Կոբուլեթին քույր-քաղաքներ հայտարարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով:
Մայիսի 26-ին պատվիրակության անդամները մասնակցել են Բաթումիում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, որոնք նվիրված էին Վրաստանի անկախության օրվան:
Պատվիրակության ներկայացուցիչները մայիսի 27-ին մասնակցել են Բաթումիում տեղի ունեցած Վանաձորի նկարիչների ցուցահանդեսի բացմանը, իսկ հայ գործարարները հանդիպել են վրացի գործընկերների հետ Բաթումիի Առեւտրաարդյունաբերական պալատում:
Մայիսի 28-ին Բաթումիում դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են Աջարիայի կառավարության նախագահ Լ. Վարշալոմիձեի հետ:
Այնուհետեւ Կոբուլեթիում Ալավերդի քաղաքի քաղաքապետ Ա. Նալբանդյանը եւ Կոբուլեթի քաղաքի գամգեբելիի նախագահ Թ. Ձոիձեն ստորագրել են Ալավերդին եւ Կոբուլեթին քույր-քաղաքներ հայտարարելու մասին պայմանագիր:
Սպիտակի քաղաքապետը եւ Խելվաչաուրիի գամգեբելիի նախագահ Բ. Շավլիձեն քննարկումներ են ծավալել երկու քաղաքները քույր-քաղաքներ հայտարարելու մասին պայմանագրի հնարավոր տարբերակի վերաբերյալ:
Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել Աջարիայի Հայերի Միության կազմակերպած տոնական հանդիսությունը` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության եւ Վրաստանի անկախության օրերին: