Հայաստանի ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովի անդամ ընտրվելու վերաբերյալ

29 մայիսի, 2007

Սույն թվականի մայիսի 24-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովի անդամ 2008-2012թթ. համար:

ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովը ստեղծվել է 1966թ. ՏՆՏՍՈՑԽՈՐՀ-ի կողմից եւ միտված է խորհրդատվություն տրամադրել ՄԱԿ-ի այս գլխավոր մարմնին անդամ երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող սոցիալական հարցերի վերաբերյալ:Ներկայումս մշակվել է քաղաքական եւ ամփոփիչ նստաշրջանների աշխատանքային ցիկլ, որը ներառում է իր մեջ աղքատության հաղթահարման, աշխատատեղերով ապահովելու, ծերերի, հաշմանդամների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ:

Հանձնաժողովին անդամակցությունը հնարավորություն է ստեղծում Հայաստանին ավելի ակտիվ մասնակցել վերոհիշյալ խնդիրների քննարկումներին:

ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովի հերթական 46-րդ նիստը կանցկացվի 2008թ. փետրվարի 6-ից 15-ը Նյու Յորքում եւ նվիրված կլինի լիակատար զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի հարցերին:

Տպել էջը