Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական առաքելական եկեղեցում տեղի ունեցած տոնակատարությունների վերաբերյալ
29 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 27-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Սայաթ-Նովյան Վարդատոնին նվիրված տոնակատարությունը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էր պատվիրակություն, որի կազմում էին ՀՀ վարչապետի խորհրդական Ս. Մարգարյանը, Երեւանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Հայաստանի ժողովրդական դերասանուհի Ժ. Ավետիսյանը, ՀՀ գրողների միության անդամներ Ռ. Ավետիսյանը եւ Գ. Դավթյանը, Հայաստանի «Նազանի» ժողովրդական գուսանական երգի համույթը եւ Հայաստանի «Դուդուկներ» կվինտետը:
Ողջույնի եւ շնորհավորանքի խոսք են ասել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ՀՀ վարչապետի խորհրդական Ս. Մարգարյանը, Վրաստանի հոգեւոր ճեմարանի պրոռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանի հայերի միության նախագահ Հ. Մուրադյանը, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, պաշտոնական եւ հասարակական այլ անձինք:
Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Սայաթ-Նովայի ավանդը ժողովուրդների բարեկամության եւ համամարդկային արժեքների շուրջ համախմբման գործում: Նշվել է նման միջոցառումների կարեւորությունը ժողովուրդների բարեկամության խորացման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Հանդիսության պաշտոնական մասին հետեւել է գեղարվեստականը, որի ընթացքում Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել Վրաստանի եւ Հայաստանի համույթները, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասանները, վիրահայ անհատ կատարողներ: