Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված Մինսկի «Էրեբունի» պարի ազգագրական համույթի համերգի վերաբերյալ
29 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 28-ին Բելառուսի երկաթուղայինների մշակույթի տան դահլիճում կայացել է Մինսկի «Էրեբունի» պարի ազգագրական համույթի համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության տոնին։ Համերգը կազմակերպելու համույթի նախաձեռնությանը աջակցել են Հայաստանի դեսպանությունը, բելառուսահայ համայնքը, ԲՀ Կրոնների եւ ազգությունների գործերի լիազոր ներկայացուցչի գրասենյակը։
Բացման խոսք է ասել Մինսկի «Հայաստան» հայկական մշակութալուսավորչական ընկերության նախագահ Գ. Եղիազարյանը։ Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ելույթում անդրադարձել է 1918թ. մայիսյան հերոսամարտերում համախմբվածության եւ միասնության շնորհիվ հայ ժողովրդի տարած պատմական հաղթանակներին, որոնք ճանապարհ են հարթել հայոց պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ Նա շնորհավորել է համերգի մասնակիցներին եւ դահլիճի ողջույններն ուղղել միջոցառմանը ներկա ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի գլխավորած պատվիրակությանը, որը Մինսկ էր ժամանել մասնակցելու ԱՊՀ զարգացման հայեցակարգի նախագծի պատրաստման միջպետական աշխատանքային խմբի երրորդ հերթական նիստին։
Հիմնականում հայկական պարային համարներից բաղկացած համերգը լեփ-լեցուն դահլիճն ընդունել է մեծ խանդավառությամբ։ Ավարտին «Էրեբունի» պարի համույթի ղեկավար Ռուզաննա Ավանեսյանը, երախտագիտություն հայտնելով համերգի կազմակերպման աջակիցներին, նշել է ՀՀ դեսպանության ներդրումը նոր պարազգեստների ձեռքբերման գործում, նաեւ ամռան առաջիկա ամիսներին Հայաստան այցելելու ու համահայկական երիտասարդական միջոցառումներին մասնակցելու ծրագրերի իրականացման ուղղությամբ։