ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆրլեցի հանդիպման վերաբերյալ

24 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆրլեցին:

Դեսպան Ֆրլեցը ներկայացրեց առաքելության դիտարկումները ընտրությունների եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ: Նա ընդգծեց, որ դրանց ընթացքը վկայում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում: Առաքելությունը հանձնարարականներ է մշակել առկա բացթողումներն ու թերացումները շտկելու ուղղությամբ:

Նախարար Օսկանյանը կարեւորեց ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների օբյեկտիվ գնահատականը եւ վստահություն հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կհանդիսանան եւս մեկ կարեւոր քայլ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում:

Դեսպան Ֆրլեցը փոխանցեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության թիվ 1 հետընտրական միջանկյալ զեկույցը, որով դիտարկվել են արդյունքների ամփոփումն ու բողոքների վարույթը: Նա վերահաստատեց, որ փաստաթղթում տեղ գտած փաստերը հիմնված են հստակ դիտարկումների վրա եւ առաքելությունը շարունակելու է հետեւել ՍԴ ներկայացվելիք գործերի ընթացքին:

Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին առաքելության աշխատանքին հնարավորին չափ աջակցելու համար:

Տպել էջը