ԵԱՀԿ 15-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին ՀՀ պատվիրակության մասնակցության վերաբերյալ
24 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 21-23-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Պրահայում կայացած ԵԱՀԿ 15-րդ տնտեսական եւ բնապահպանական ֆորումի աշխատանքներին: Այն տեղի ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի նախագահությամբ:
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջիվան Թաբիբյանը, ՀՀ ԳԱԱ բնապահպանության ինստիտուտի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
ՀՀ պատվիրակությունը իր բազմաթիվ ելույթներում կոչ արեց ԵԱՀԿ տարածքում խթանել անդրսահմանային համագործակցությունը` նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ուրվագծեց ԵԱՀԿ շրջանակներում բնապահպանության ոլորտում Հայաստանի կառավարության առաջնայնությունները եւ համագործակցության հեռանկարները, ներկայացրեց Հայաստանում իրականացվող ԵԱՀԿ ծրագրերի, մասնավորապես «Մելանժ»-ի իրագործման գործընթացը:
Այցի ընթացքում պրն. Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Չեխիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Թոմաշ Պոյարի հետ, քննարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությունները, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների եւ ԱԳ նախարարների այցերի կազմակերպման խնդիրները:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանը հանդիպում ունեցավ Սլովենիայի բնապահպանության նախարար Յանս Պոդոբնիկի հետ, շոշափելով բնապահպանության ոլորտում երկկողմ ծրագրերի մշակման եւ իրագործման հեռանկարները: