Հայ-ֆրանսիական համատեղ նամականիշի թողարկման վերաբերյալ
23 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 22-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզում եւ Երեւանում միաժամանակ թողարկվում է հայ-ֆրանսիական համատեղ նամականիշ:
Համատեղ նամականիշի թողարկման առաջին օրվա արարողությունը Փարիզում տեղի ունեցավ Ծովային թանգարանում, ուր փետրվարի սկզբից ի վեր ցուցադրվում են Հովհաննես Այվազովսկու ծովանկարները: Հանդիսավոր արարողության բացումը կատարեցին Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը եւ ֆրանսիական Լա Պոստ ընկերության նախագահ Ժան-Պոլ Բային:
«Մեծ խորհուրդ կա այն փաստի մեջ, որ հայ-ֆրանսիական համատեղ նամականիշի թողարկման օրը համընկնում է Շառլ Ազնավուրի, ինչպես ինքն է ասում՝ հարյուր տոկոսով ֆրանսիացու եւ հարյուր տոկոսով հայի ծննդյան տարեդարձի հետ», շնորհավորելով մեծ արտիստին՝ ասաց դեսպան Նալբանդյանը:
Համատեղ նամականիշի թողարկման գաղափարին աջակցելու եւ այն իրականացնելու համար դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանին, ինչպես նաեւ Լա Պոստ ընկերության նախագահ Ժան-Պոլ Բայիին եւ Լա Պոստի ու ՀայՓոստի ողջ անձնակազմերին՝ նշելով, որ փոստի, որպես ավետաբերի պատկերը՝ Արարարտ լեռան վրա ճախրող աղավնիի տեսքով արդեն ամիսներ ի վեր խորհրդանշում է Հայաստանի տարին Ֆրանսիայում:
Ֆրանսիան տարեկան մեկ անգամ է որեւէ երկրի հետ թողարկում համատեղ նամականիշ: Հայ-ֆրանսիական համատեղ նամականիշի թողարկման գաղափարը ծնվել էր դեռեւս մեկուկես տարի առաջ՝ Հայաստանի ֆիլատելիստների միության նախկին նախագահ Տիգրան Լիլոյանի հետ խորհրդակցաբար:
Հայաստան-Ֆրանսիա համատեղ թողարկման նամականիշների վրա պատկերված են 15-րդ դարի երկու գլուխգործոցներ՝ հայկական ձեռագիր մատյանից մի մանրանկար՝ «Ծնունդը», եւ Ռեյմսի Աստվածամոր տաճարի գավիթը զարդարող ութ քանդակներից «Ժպտացող հրեշտակը»:
Նույն օրը Ֆրանսիայում եւ Հայաստանում նամականիշները մտան շրջանառության մեջ: