Նիցցայում հայկական խոհանոցի շաբաթվա վերաբերյալ

14 մայիսի, 2007

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում ս.թ. մայիսի 9-15-ը Նիցցայում անցկացվում է Հայկական խոհանոցի շաբաթ: Այդ առիթով Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի հովանավորությամբ մայիսի 10-ի երեկոյան Նիցցայի հանրահայտ Ռեդիսոն հյուրանոցում կազմակերպվել էր ընդունելություն, որին մասնակցում էին դեսպանը, Նիցցայի քաղաքապետ սենատոր Ժակ Պեյրան, քաղաքային խորհրդի անդամները, Կոտ դ'Ազյուրի հայկական կազմակերպությունների ղեկավարները, քաղաքի եւ շրջակայքի հանրահայտ դեմքեր:

Ընդունելությանը ներկայացվեց հայկական խոհանոցի յուրահատկությունները, նրա պատմական կապերը Միջերկրածովյան շրջանի խոհանոցների հետ եւ փոխազդեցությունները, ինչպես նաեւ հայկական ավանդական խոհանոցի մշակման ու կատարելագործման ուղղությամբ վերջին տարիների ձեռքբերումները:

Ողջույնի իր խոսքում դեսպան Է. Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանություններին հերթական այս միջոցառման համար՝ նշեց, որ Նիցցայում Հայաստանի տարվա միջոցառումների քանակը, որակը եւ բազմազանությունը Հայաստանի տարին վերածել են իսկական տոնի, որի պսակը եղավ այս տարվա փետրվարին Հայաստանի նախագահի այցը Նիցցա եւ նշանավոր Պրոմենադ դեզ'Անգլե բուլվարի վրա Հայաստանի պուրակի բացումը:

Շաբաթվա ընթացքում Ռեդիսոն հյուրանոցի շեֆ-խոհարար Քրիստոֆ Բրուտենը եւ Երեւանի Դոլմամա ռեստորանի շեֆ-խոհարար Ժիրայր Ավանյանը համատեղ կպատրաստեն հայկական տիպիկ եւ յուրահատուկ ճաշատեսակներ:

Տպել էջը