Կանադայում դրամահավաք անցկացնելու նպատակով կազմակերպված միջոցառման վերաբերյալ
14 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց կանադական խոշոր WaterCan ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված "Embassy Dinner"' ամենամյա միջոցառմանը: Միջացառման նպատակն էր WaterCan կազմակերպության ծրագրերից մեկի շրջանակում դրամահավաք կազմակերպել աշխարհի ամենաաղքատ համայնքներին մաքուր ջրով ապահովելու համար:
Միջոցառմանը մասնակցեցին Օտտավայում հավատարմագրված ավելի քան 40 դեսպանություններ: Յուրաքանչյուր դեսպանությանը հատկացված էր առանձին տաղավար, ուր մատուցվում էին ազգային կերակրատեսակներ, եւ ցուցադրվում էին երկիրը ներկայացնող գրքեր, նկարներ, հուշանվերներ եւ այլն:
Դեսպանությունների եւ միջոցառմանը մասնակցող այլ կազմակերպությունների եւ անհատների կողմից տրամադրվել էին բազմաբնույթ արժեքավոր նվերներ, որոնք դրվել էին աճուրդի: ՀՀ դեսպանությունը տրամադրել էր կանադահայ լուսանկարիչ Հրայր Խաչերյանի «Կյանքի լուսամուտ» խոշոր լուսանկարը, որը վաճռվեց սկզբնապես հայտարարված գումարի վեցապատիկով:
Հայկական տաղավարը գտնվում էր համընդհանուր ուշադրության կենտրոնում, քանի որ, բացի հայկական ավանդական հուշանվերներից եւ բազմազան կերակրատեսակներից, բոլորի ուշադրությունը գրավում էր նաեւ հայկական թագավորական տարազներ հագած զույգը: Հայկական պատվիրակությունը նաեւ գլխավորեց միջոցառման ավարտին տեղի ունեցած «Ազգերի շքերթը»:
Լրացուցիչ մանրամասներն ու լուսանկարները զետեղված են դեսպանության www.armembassycanada.ca կայքում: